ՆԱՎՈՒՄ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VII դ. երկրորդ կես)
id559Նավում անունը նշանակում է «մխիթարիչ» կամ «զորացնող»:
Մարգարեն ապրել է Հրեաստանի Հոսիաս թագավորի ժամանակ: Այդ շրջանում Ասորեստանը, որ տիրել էր բազում երկրների, սկսել էր տկարանալ: Բոլոր նվաճված ժողովուրդները սպասում էին Ասորեստանի կործանմանը, նրանց հետ և՝ Հրեաստանը, որի համար նա մեծ վտանգ էր ներկայացնում: Նավումի գիրքն արտացոլում է այդ ակնկալությունը՝ ի վերուստ տրված հայտնությամբ և իբրև մխիթարող ու հուսադրող խոսք, որը հավաստում է այն
ճշմարտությունը, թե բոլոր բռնատիրություններն ի վերջո դատապարտվում են ու կործանվում՝ իրենց մեջ պառակտվելով, այլասերվելով ու ապականվելով: Գրքի լեզուն նաև գեղարվեստական մեծ արտահայտչականություն ունի, ինչի շնորհիվ Նավումին համարում են
Իսրայելի մեծագույն բանաստեղծներից մեկը: