ԱԲԴԻՈՒ ՄԱՐԳԱՐԵ (մ. թ. ա. VI դ. վերջ)
id558Աբդիուի գիրքը
մարգարեների գրքերից ամենակարճն է. ունի ընդամենը մեկ գլուխ՝ բաղկացած 21 տնից:
Մարգարեի և նրա ժամանակի մասին ստույգ տեղեկություններ չկան: Ենթադրվում է, որ գիրքը գրվել է 587 թ.՝
Երուսաղեմի կործանումից հետո: Գրքի մեծ մասը բովանդակում է Տիրոջ հանդիմանությունն ու ցասումը եդոմացիների հանդեպ, որոնք, լինելով Հակոբ նախահոր եղբոր՝ Եսավի սերունդը, փաստորեն ազգակից էին
Իսրայելի ժողովրդին, սակայն դարեր շարունակ նրան մեծ հոգս էին պատճառում՝ հաճախ դավաճանաբար դաշնակցելով
Իսրայելի թշնամիների հետ: Իսկ Բաբելոնի արշավանքի ժամանակ եդոմացիները, կռվելով թշնամու կողմից, նվաճեցին Հրեաստանի մի մասը և հրճվում էին
Երուսաղեմի կործանմամբ:
Գրքի ենթատեքստում Եդոմը ներկայացված է իբրև դավաճան եղբոր
խորհրդանիշ և
Աստծո ժողովրդի թշնամու հավաքական կերպար, որին սպասում է անխուսափելի կործանում, մինչդեռ
Ավետյաց երկիրը կրկին կվերականգնվի. «Սիոն լեռան վրա փրկություն կլինի, և այդ վայրը սուրբ կդառնա» [
Աբդ. 1.17]: Այսպես գրքի վերջում, ամփոփելով պատմական թեման,
մարգարեն բացահայտում է նրա հոգևոր
խորհուրդը՝
լույսի հաղթանակը խավարի նկատմամբ, ինչն իրականացրեց
Քրիստոս Իր փրկագործությամբ և հաստատեց Իր հավիտենական արքայությունը [
Աբդ. 1.21]: