SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ԳՈՐԴԻՈՍ ՀԱՐՅՈՒՐԱՊԵՏ (+320)
id531Գորդիոսը հարուստ ու գեղեցիկ երիտասարդ էր՝ ծնված Կապադովկիայի Կեսարիա քաղաքում՝ քրիստոնյա ընտանիքում: Նա գտնվում էր զինվորական ծառայության մեջ իբրև հարյուրապետ, երբ սկսվեցին քրիստոնյաների հալածանքները: Տեսնելով, որ անկարող է որևէ կերպ օգտակար լինել նահատակվող հավատակիցներին, նա լքում է ծառայությունը, հեռանում անապատ և նվիրվում ճգնակեցության: Բազում տարիներ ապրելով հսկումներով ու ծոմապահությամբ, աղոթքով ու ընթերցանությամբ՝ Գորդիոսը լցվում է Սուրբ Հոգու շնորհներով և այնքան վառվում երկնային կյանքի բաղձանքով, որ որոշում է քաղաք վերադառնալ և մարտիրոսանալ՝ ինքնակամ խոստովանելով իր հավատը: 320 թ.-ին նա իջնում է Կեսարիա Մարսի պատվին կատարվող համաքաղաքային տոնակատարության ժամանակ և քաղաքի մեծամեծների ու բազմահազար բնակիչների ներկայությամբ համարձակ հայտարարում իր քրիստոնյա լինելու մասին: Քաղաքապետը, չհանդուրժելով այդ, իսկույն ձերբակալում է Գորդիոսին և ուրացության դրդելու ապարդյուն փորձերից ու բազմաթիվ չարչարանքներից հետո մահապատժի ենթարկում: Տարիներ անց ս. Բարսեղ Կեսարացին (329-379) սուրբ նահատակի անունով վկայարան է կառուցում և հիացական խոսքերով լի ներբող գրում նրա հիշատակին:
 
sacredtradition.am