SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՔԱՀԱՆԱ
id494Հին ուխտում քահանան ժողովրդի կողմից Աստծուն զոհեր մատուցող սպասավորն էր: Քահանայության հիմնական խորհուրդը զոհաբերությամբ կատարվող քավությունն էր և Աստծո ու մարդկանց միջև հաստատվող հաշտությունը:
Սակայն հին ուխտի բոլոր զոհաբերությունները քավություն էին շնորհում միայն այն պատճառով, որ նախօրինակն էին Քրիստոսի ինքնազոհաբերման: Ուստի քահանայության իսկությունը կայացրեց Քրիստոս, որ գալով աշխարհ՝ մեկընդմիշտ իբրև պատարագ մատուցվեց մեր մեղքերի քավության համար՝ կատարելով Իր մասին ասված մարգարեությունը. «Դու հավիտյան քահանա ես՝ ըստ Մելքիսեդեկի կարգի» [Սաղմ. 109.4]:
Քրիստոս Իր քահանայությունն իրագործում է Եկեղեցու նվիրապետության միջոցով, որի հիմնական պաշտոնյան քահանան է: Ի տարբերություն հին ուխտի քահանայի՝ նոր ուխտի քահանան ոչ թե Փրկչի խորհրդանիշը հանդիսացող զոհեր է մատուցում, այլ շնորհով ներկայացնում է հենց Իրեն՝ Քրիստոսին, որ հանապազ պատարագվում է մեզ համար:
Քահանան պարտավոր է հովվել իրեն վստահված ծուխը, այսինքն՝ հոգալ հավատացյալների հոգևոր կրթության և դաստիարակության համար, ծանուցել աստվածպաշտության կարգերը, իրականացնել մկրտության, դրոշմի, ապաշխարության, հաղորդության, պսակի և հիվանդաց կարգի խորհուրդները, կատարել ժամերգություններ և պատարագ մատուցել:
Քահանայական աստիճանը տրվում է եպիսկոպոսի միջոցով՝ ձեռնադրությամբ և օծումով՝ չափահաս տարիքի սարկավագին, որն ունի համապատասխան կրթություն և պատրաստություն: Քահանաները լինում են ամուսնացյալ և կուսակրոն: Վերջիններս կոչվում են աբեղաներ:
Քահանան սովորաբար կրում է վերարկու, որի վրայից՝ ժամերգության ժամանակ փիլոն է հագնում: Վերջինս հանդիսավոր արարողությունների ժամանակ փոխարինվում է շուրջառով: Իսկ պատարագի ժամանակ, իբրև հոգևոր պատերազմ խորհրդանշող սպառազինություն, քահանան կրում է սպիտակ շապիկ, փորուրար, գոտի, թաշկինակ, բազպաններ, վակաս, շուրջառ և սաղավարտ:
 
sacredtradition.am