ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԺՈՂՈՎ
id476Եկեղեցական ժողովների շարքում իրենց կարևորությամբ առանձնանում են տիեզերական կոչվող ժողովները, որոնց մասնակցել են տիեզերական (կամ ընդհանրական)
Եկեղեցու ներկայացուցիչները:
Հայ Եկեղեցին ընդունում է միայն առաջին 3 տիեզերական ժողովները, որոնց որոշումները լուծել են քրիստոնեական
դավանության ամենահիմնական հարցերը. դրանք են Նիկիայի (325 թ.), Կոստանդնուպոլսի (381 թ.) և Եփեսոսի (431 թ.) ժողովները:
Առաջին տիեզերական ժողովը գումարվեց
արիոսականության առիթով: Այն մերժեց Արիոսի ուսմունքը և հաստատեց
Հավատո հանգանակը, որը հիմք դարձավ հետագա
դավանական ըմբռնումների համար:
Երկրորդ ժողովը գումարվեց
հոգեմարտության առիթով: Այն դատապարտեց Մարկիոնի տեսակետը
Սուրբ Հոգու վերաբերյալ, վերահաստատեց
Հավատո հանգանակը և ընդունեց
Սուրբ Երրորդության ուսմունքը, ըստ որի՝ երեք
աստվածային Անձերը համագո են Իրենց բնությամբ, և Յուրաքանչյուրին պետք է խոստովանել կատարյալ
Աստված: Այս ժողովում քննադատվեց ու մերժվեց նաև
Քրիստոսի մարդեղության վերաբերյալ Ապողինարի սխալ տեսությունը, ըստ որի՝
Քրիստոս մարմնանալով ոչ թե վերցրեց մարդկային մարմին, հոգի և միտք, ինչպես ասվում է
Հավատո հանգանակում, այլ՝ միայն մարմին. այսինքն՝ Նա ոչ թե մարդացավ, այլ սոսկ մարմին ստացավ:
Երրորդ տիեզերական ժողովը կապված էր
նեստորականության հետ: Այն դատապարտեց Նեստորի
քրիստոսաբանական ուսմունքը, որը
Քրիստոսի մեջ տեսնում էր երկու բնություն և երկու դեմք, և հաստատեց ս.
Կյուրեղ Ալեքսանդրացու դավանական տեսակետը, որի համաձայն՝ «մի է մարմնացած Բանի բնությունը»:
Հայ Եկեղեցին, որդեգրելով այս երեք տիեզերական ժողովների
դավանությունը, հավատարիմ մնաց նրանց և մերժեց
Քաղկեդոնի ժողովը (451 թ.)՝ ոչ համոզիչ համարելով նրա «մի Անձ և երկու բնություն» քրիստոսաբանական բանաձևը: