SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՏԱՍՆԱԲԱՆՅԱ
id472Այսպես կոչվեց Մովսես մարգարեի միջոցով Իսրայելի ժողովրդին և ողջ մարդկությանը տրված Աստծո օրենքը՝ բաղկացած 10 պատվիրաններից [տե՛ս Ել. 20.1-20].

1. Ե՛ս եմ քո Տեր Աստվածը. Ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար:
2. Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերում եղած որևէ բանի նմանությամբ քեզ համար կուռքեր չպիտի կերտես: Չպիտի երկրպագես ու չպիտի պաշտես դրանց:
3. Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես:
4. Հիշի՛ր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն: Վեց օր պիտի աշխատես և պիտի կատարես քո բոլոր գործերը: Յոթերորդ օրը քո Տեր Աստծո շաբաթ օրն է:
5. Պատվի՛ր քո հորը և մորը, որպեսզի բարիք գտնես և երկար ապրես բարեբեր երկրի վրա:
6. Մի՛ սպանիր:
7. Մի՛ շնացիր:
8. Մի՛ գողացիր:
9. Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի՛ տուր:
10. Ո՛չ քո մերձավորի տան, ո՛չ նրա ագարակի վրա աչք մի՛ ունեցիր: Ո՛չ քո մերձավորի կնոջ, ո՛չ նրա ծառայի, ո՛չ աղախնի, ո՛չ եզան, ո՛չ էշի, ո՛չ անասունի, ո՛չ այն ամենի վրա, ինչ քո մերձավորինն է, աչք մի՛ ունեցիր:


Առաջին պատվիրանով Տերը մեզ պարտավորեցնում է հավատալ և պաշտել միայն Իրեն՝ միակ ճշմարիտ Աստծուն՝ Սուրբ Երրորդությանը: Այս պատվիրանը հիմքը և սկիզբն է ճշմարիտ աստվածպաշտության: Այն արգելում է ոչ միայն հեթանոսական բազմաստվածությունը, այլև աղանդավորական ուսմունքները, որոնք հեռու են աստվածճանաչողությունից և ուղղափառ դավանությունից, ինչպես նաև՝ բոլոր այն բարոյական շեղումները, որոնք հեռացնում են Աստծուց. դրանք են անհավատությունը, սնահավատությունը (գուշակություններին, նշաններին, երազներին հավատալը), մարդահաճությունը (երբ ձգտում են առավել հաճելի լինել մարդկանց, քան Աստծուն), անհնազանդությունը Եկեղեցու կարգերին, անօրեն ու անառակ ապրելակերպը, ուրացությունը և այլն:
Երկրորդ պատվիրանով Աստված արգելում է կռապաշտությունը, այսինքն՝ թե՛ հեթանոսական կուռքերի պաշտամունքը, թե՛ այն ամենը, ինչով մարդը երկրպագություն է մատուցում այս կամ այն արատին կամ երևույթին՝ դրանք իր համար կուռք դարձնելով:
Սրբապատկերների և խաչի առջև խոնարհվելը չպետք է համարել այս պատվիրանի խախտում, որովհետև այդ առարկաները, լինելով օծված և օրհնված, ներկայացնում են Աստծո փառքը, և նրանց առջև խոնարհվելով՝ մենք երկրպագում ենք ոչ թե այդ առարկաներին, այլ Սուրբ Երրորդությանը: Իսկ սրբերին և հրեշտակներին ոչ թե պաշտում ենք, այլ պատվում ենք իբրև Աստծո մերձավորների՝ հայցելով նրանց բարեխոսությունը:
Երրորդ պատվիրանն ուսուցանում է սրբությամբ և ակնածանքով պատվել Աստծո անունը, երբեք անտեղի չարտաբերել ու չշահարկել այն, զգուշանալ Աստծո դեմ տրտնջալուց, Նրա անունով երդվելուց և այլ հանդուգն արտահայտություններից:
Չորրորդ պատվիրանով Տերը մեզ պատվիրում է շաբաթվա մեկ օրը հատկացնել աստվածպաշտությանը՝ ձեռնպահ մնալով կենցաղի հոգսերից և առօրյա աշխատանքից: Այն ոչ թե պարապ հանգստի ու անգործության օր է՝ զվարճանքի և անկարգությունների տրվելու համար, այլ՝ ամբողջովին Աստծուն նվիրվելու, ամեն ինչով Նրա փառքին ծառայելու համար նշանակված և սրբագործված օր: Հին ուխտում այդ օրը շաբաթն էր, իսկ նոր ուխտում այն դարձավ կիրակին՝ ի հիշատակ և ի փառս Տիրոջ հարության:
Հինգերորդ պատվիրանը պարտավորեցնում է սիրել և հարգել մեր ծնողներին, հոգ տանել նրանց հիվանդության և նեղությունների մեջ, պատվով և պատշաճորեն խնամել ծերության ժամանակ: Այս պատվիրանը վերաբերում է նաև ծնողական, հայրական դեր ունեցող անձանց՝ հոգևորականներին, ուսուցիչներին, բարեգործներին, դաստիարակներին:
Վեցերորդ պատվիրանն արգելում է կյանքից զրկել որևէ մեկին: Սպանությունը կարող է լինել նաև անուղղակի եղանակով՝ հրամանով, խորհրդով, մատնությամբ: Այս պատվիրանն արգելում է նաև ինքնասպանությունը, ինչպես և չզսպված խոսքն ու վիրավորանքը, բարկությունը և ատելությունը մերձավորի հանդեպ:
Յոթերորդ պատվիրանով Աստված պարտավորեցնում է պահպանել մտքի և մարմնի մաքրություն, լինել ողջախոհ և հեռու մնալ անառակությունից:
Ութերորդ պատվիրանն արգելում է ուրիշին պատկանող իրերի յուրացումը՝ ծածուկ թե հայտնի կերպով, բռնությամբ թե խաբեությամբ:
Իններորդ պատվիրանը վերաբերում է ոչ միայն սուտ վկայությանը, այլև ցանկացած ստի ու խաբեության: Այն մեզ պարտավորեցնում է լինել ճշմարտախոս և ազնիվ:
Եթե նախորդ պատվիրաններով Տերն արգելում է որևէ կերպ չարիք պատճառել մերձավորին, ապա տասներորդով պարտավորեցնում է չցանկանալ մերձավորի վնասվելը, չնախանձել նրա ունեցվածքին ու կարողություններին, այլ ուրախանալ և միշտ բարին կամենալ նրան:
Յուրաքանչյուր քրիստոնյա պետք է անգիր իմանա և սրբությամբ պահի 10 պատվիրանները՝ նրանցով առաջնորդվելով ամբողջ կյանքում:
 
sacredtradition.am