SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՍՐԲԱՊԱՏԿԵՐ
id451Սրբապատկեր է կոչվում այն կրոնական ստեղծագործությունը, որը ներկայացնում է Աստվածորդու, Աստվածածնի, սրբերի կամ սուրբգրային և առհասարակ կրոնական բովանդակությամբ պատկերներ և դրանով կրում է սրբազան իմաստ ու նշանակություն: Լայն իմաստով՝այն կարող է լինել որմնանկար կամ խճանկար, մանրանկար կամ կիրառական արվեստի նմուշ, ինչպես նաև հաստոցային բնույթի միջին չափսի ստեղծագործություն՝ կատարված փայտի, կտավի կամ այլ նյութի վրա: Ավելի նեղ իմաստով՝ քրիստոնեական մշակույթի տեսության մեջ այսօր «սրբապատկեր» բառը (խոսքը հունարեն «էյկոն»-ի մասին է, որը բառացի նշանակում է կերպար, պատկեր, նմանություն) առավել հաճախ կիրառվում է հաստոցային բնույթի, մանավանդ՝ փայտի վրա որոշակի պատկերագրական կանոնով կատարված ստեղծագործության նկատմամբ: Սակայն, վերջին իմաստով, սրբապատկերը Հայ Եկեղեցում այնպիսի տարածում ու զարգացում չի ունեցել, ինչպես մյուսներում, այլ պահպանում է իր նախնական ընդարձակ իմաստը՝ վերաբերելով բոլոր տեսակի սրբազան պատկերներին՝ անկախ նրանց նյութից, չափսից և անգամ կատարման պատշաճ մակարդակից: Քանզի սրբանկարին սրբազան նշանակությամբ է օժտում ոչ թե պատկերի կանոնականությունը կամ գեղագիտական արժանիքը, այլ նրանում պատկերված անձի կամ իրողության սրբազանության հանգամանքը, մանավանդ՝ հատուկ օրհնություն ստանալուց հետո, որով այն դառնում է պաշտամունքային առարկա: Շատ սրբապատկերներ մեծ համբավ ունեն ոչ թե գեղարվեստական բարձր արժեքի շնորհիվ, այլ՝ իրենց հրաշագործ զորության:
Եվ այնուհանդերձ, Եկեղեցու հայրերը որոշակի նախանձախնդրությամբ հետամուտ են եղել, որ սրբապատկերը, իբրև եկեղեցու աստվածպաշտական միջավայրում ներկայացող կարևոր ազդակ, թե՛ կանոնական և թե՛ գեղագիտական առումներով հնարավորինս համապատասխանի իր հոգևոր նշանակությանը: Այս պատճառով մշակվել են սրբապատկերի պատկերագրական սկզբունքները, և բնականաբար, Եկեղեցու կողմից հիմնականում օրհնվել և պաշտամունքային առարկա են դարձել այդ սկզբունքներին համապատասխանող սրբապատկերները: Սրբապատկերային կանոն մշակելու անհրաժեշտությունը պայմանավորված է Եկեղեցու վարդապետների կողմից պատկերին տրված մեծ նշանակությամբ և իմաստավորմամբ: Սրբապատկերի դերը վարդապետները գրեթե համազոր են համարում հոգևոր խոսքին՝ այն համարելով սուրբգրային պատմության, աստվածային տնօրինության կամ աստվածաբանական սկզբունքի քարոզչության յուրահատուկ միջոց: Բնականաբար, նման դեր ունեցող առարկան պետք է ըստ ամենայնի պատշաճի իր բովանդակությանը՝ պարունակելով համապատասխան խորհրդանիշներ, կերպարների յուրօրինակ վերարտադրություն և գծերի ու գույների անսովոր համադրություն, որոնցով դիտողի մեջ կտպավորի աստվածահաճ վարքի գեղեցկությունը, սրբակեցության ներքին զմայլանքը և երկնային կյանքի վսեմությունը՝ հարուցելով հոգևոր խոհեր և մղելով աղոթքի ու մտասքանչության: Այս պատճառով սրբապատկերային կանոնին խորթ է կերպարի իրապաշտական մատուցումը. այն ապահովում է նրա առավել պայմանական-խորհրդանշական բնույթը, որպեսզի հնարավորին չափ չնսեմացնի, այլ պատշաճ խորհրդականությամբ ներկայացնի աննյութական-հոգևոր արժեքներով օժտված սուրբ անձանց և սրբազան իրողությունները: Այսպես սրբապատկերային կանոնը, խորապես իմաստավորելով սրբապատկերի հոգևոր դերը Եկեղեցու կյանքում, աներկբայորեն նպաստել է նաև նրա խորհրդական ներգործության առավելացմանը՝ իբրև հավատացյալին երկնքի հետ կապող, աղոթքի ու բարոյական կատարելության դրդող և մեղքի համար հանդիմանող, հիվանդությունը դարմանող և չարիքից պահպանող շնորհի աղբյուր:

* * *
Սրբապատկերները Եկեղեցու կյանքում հայտնվել են դեռևս առաքելական քարոզչության շրջանում: Սրբապատկերի նախօրինակը սերտորեն առնչվում է Հայաստանում քրիստոնեության տարածման պատմությանը՝ Աբգար թագավորի դարձի հետ կապված ավանդությամբ, ըստ որի՝ իբրև առաջին սրբապատկեր հանդես է գալիս Տիրոջ անձեռակերտ պատկերը դաստառակի վրա: Մեկ այլ ավանդությամբ՝ ս. Բարդուղիմեոս առաքյալի միջոցով Հայաստան է բերվել ս. Հովհաննես առաքյալի ստեղծած՝ Աստվածամոր հրաշագործ սրբապատկերը, որը երկար ժամանակ պահվել է Հոգյաց վանքում:
Հաստոցային բնույթի շարժական սրբապատկերների հետագա օրինակներն ու հիշատակությունները Հայաստանում սակավաթիվ են՝ համեմատած այլ քրիստոնեական երկրների հետ, ինչը պայմանավորված է Եկեղեցու բաժանության պատճառով հայ և հույն կրոնական մշակույթների փոխադարձ օտարացմամբ: Հայ վարդապետները միառժամանակ մեծ վերապահություն են ցուցաբերել այլադավան Եկեղեցիներից ներմուծվող սրբապատկերներին, մանավանդ՝ երբ պատկերված անձինք Հայ Եկեղեցու համար անծանոթ սրբեր էին: Բացի այդ՝ փայտե սրբապատկերների հանդեպ նկատվում էր չափազանցված վերաբերմունք. շատ անգետ հավատացյալների կողմից պաշտվում էր ոչ թե պատկերվածը, այլ՝ առարկան: Նման շեղումների պատճառով Հայաստանում այդպիսի սրբապատկերը մեծ տարածում չի ստացել, և որոշակի առումով նրան փոխարինել է խաչքարը և նրա վրա հաճախ հանդիպող հարթաքանդակ-սրբապատկերը: Այս հանգամանքը որոշ մասնագետների դրդել է պատկերամարտության տարրեր փնտրել Հայ Եկեղեցու վարդապետարանում: Սակայն սա հիմնավորված տեսակետ չէ, քանզի հայ վարդապետները միշտ դատապարտել են պատկերամարտությունը, իսկ սրբապատկերային արվեստը լիահուն զարգացում է ունեցել եկեղեցական կերպարվեստի բոլոր բնագավառներում՝ հաստոցայինից բացի:
Մեր օրերին հասած սրբապատկերի սքանչելի նմուշներ են պարունակում Հայաստանում ստեղծված բազմաթիվ մանրանկարներ ու որմնանկարներ, հարթաքանդակներ և ծիսական իրեր, որոնք լիովին համապատասխանում են սրբապատկերային արվեստի հոգևոր-գաղափարական սկզբունքներին: Սրբապատկերի մշակույթը Հայաստանում երբեմն ընդհատվել է կամ կորցրել իր փայլը՝ ոչ թե կապված պատկերամարտության, այլ՝ բարդ պատմա-քաղաքական իրավիճակների հետ, երբ երկրում ընդհանրապես խաթարվել է մշակութային կյանքը: Անբարենպաստ քաղաքական պայմանների և օտար ազդեցությունների ուժգնացմամբ է բացատրվում նաև XVII-XIX դդ. հայ դասական եկեղեցական արվեստի, մասնավորապես՝ սրբապատկերի որոշակի շեղումը կանոնականությունից և միախառնումը մի կողմից՝ արևմտաեվրոպական աշխարհականացման միտումների, մյուս կողմից՝ իշխող իսլամական ազգերի կերպարվեստի ազդեցությունների հետ: Այս շրջանում տարածում են գտնում նաև բազմաթիվ հաստոցային, միջին չափսի սրբապատկերներ՝ հիմնականում ստեղծված կտավի վրա: Այդ բնույթի պատկերները եկեղեցում զետեղելը ավանդույթի ուժ ստացավ՝ փաստորեն փոխարինելով որմնանկարին, ինչը հաճախ պայմանավորված էր վերջինիս ստեղծման պայմանների բացակայությամբ:
Այս շրջանի նորարարություններից է նաև ավագ սեղանի ետնամասում բարձր խաչկալ կառուցելը և նրա վրա «Աստվածամայրը Մանկան հետ» պատկերագրությամբ սրբապատկեր զետեղելը: Ձևավորվեց նաև եկեղեցու մնացած մասերում շարժական սրբապատկերների տեղադրման որոշակի կարգ, ինչպես օրինակ՝ մկրտության ավազանի վերին մասում՝ «Մկրտություն», ավագ խորանի աջ և ձախ կողմերում՝ Թադեոս և Բարդուղիմեոս, գլխավոր մուտքի կողքերին՝ Պողոս և Պետրոս առաքյալներ, և այլն:
XX դ. Մեծ եղեռնի, ապա Հոկտեմբերյան հեղափոխության հետևանքով Հայաստանում սրբապատկերային արվեստն իր բոլոր բնագավառներում ընդհատ և անհետևողական բնույթ ստացավ՝ ավանդական սկզբունքներից զուրկ և կղերական հսկողությունից ազատ, դրսևորելով կամայական մեկնաբանություններ ու պատահական լուծումներ: Եվ միայն այսօր անկախ Հայաստանում նկատվում են խնդիրը վերանայելու և սրբապատկերային արվեստը պատշաճ մակարդակի վերադարձնելու որոշ միտումներ:
 
sacredtradition.am