ՍՈՒՐԲ ՀՈԳԻ
id447Սուրբ Երրորդության Անձերից մեկի՝ Սուրբ Հոգու
խորհուրդն արծարծված է դեռևս
աշխարհի ստեղծման աստվածաշնչյան պատմության սկզբում՝ «Եվ Աստծո Հոգին շրջում էր ջրերի վրա» արտահայտությամբ [
Ծն. 1.2]: Սակայն հին
ուխտում, քանի դեռ բացահայտված չէր աստվածային երեք Անձերի ուսմունքը, «Սուրբ Հոգի» կամ «Աստծո Հոգի» արտահայտությունն առավել ընկալվում էր իբրև
Աստծո զորության և ներգործության, Նրա
շնորհի հոմանիշ, թեև որոշ հինկտակարանյան դրվագներում այս արտահայտությունը կրում է անձնային հատկանիշներ [տե՛ս
Ես. 63.10]:
Նոր
ուխտում, սկսած
ավետումից և
Քրիստոսի մկրտությունից, աստիճանաբար բացահայտվում է Սուրբ Հոգու անձնավորությունը, իսկ
Պենտեկոստեին, հայտնապես իբրև աստվածային Անձ, Սուրբ Հոգին՝
Քրիստոսի կողմից խոստացված Մխիթարիչը, իջնում և հանգչում է նախ
առաքյալների, ապա
Քրիստոսի հավատով բոլոր
մկրտվողների վրա [տե՛ս
Գործ. 2]:
Հոգեգալստյամբ սկսվում է մարդկային ընկած բնության վերականգնումը, ստեղծվում է
Քրիստոսի Եկեղեցին՝ իբրև «սուրբ ազգ և Աստծո սեփական ժողովուրդ» [
Ա Պետ. 2.9]՝ իր մեջ կրելով Սուրբ Հոգու անձնավոր ներկայությունը, որ մշտական շնորհաբաշխությամբ զորացնում, հոգեղինացնում, լուսավորում և սրբագործում է
քրիստոնյաներին:
Քրիստոնեական
աստվածաբանությունը ճանաչում է Սուրբ Հոգուն իբրև համագո և էակից, հավասարապատիվ և փառակից Հորը և Որդուն: Ըստ հնագույն
դավանական ձևակերպման՝ Սուրբ Հոգին բխում է Հորից՝ Որդու միջով: Այս բանաձևում
խորհրդանշորեն արտահայտված են Երրորդության համագոյությունն ու փոխներթափանցվածությունը և միաժամանակ՝ երեք Անձերի ինքնուրույն դերերը, մասնավորապես՝ այն, որ Սուրբ Հոգու
տնօրինությունը կայանում է միայն Որդի
Աստծո փրկագործության արդյունքում, ուստի և Սուրբ Հոգին երկիր է առաքվում Հորից՝ Որդու միջոցով [տե՛ս
Հովհ. 15.26]:
Սուրբ Հոգու աստվածային էությունը և զուգահավասար
փառքը Հոր և Որդու հետ վիճարկվել է որոշ
վարդապետների կողմից, ինչը հերձվածողական ուսմունքի հիմք է հանդիսացել (տե՛ս
Հոգեմարտություն): Առավել սուր վեճերի առիթ է եղել Սուրբ Հոգու բխումը «նաև Որդուց» հավելող
դավանական ուսմունքը, որն ի վերջո, XI դ. կեսին, ընդունվելով Հռոմի
աթոռի կողմից, վերջինիս և Կոստանդնուպոլսի
պատրիարքության վերջնական պառակտման պատճառ դարձավ:
Հայ Եկեղեցին, հավատարիմ մնալով
Եկեղեցու հնագույն
ավանդությանը, մերժում է այդ հավելումը:
Եկեղեցական արվեստում Սուրբ Հոգին հիմնականում պատկերվում է Իր ավետարանական
խորհրդանիշի՝
աղավնու տեսքով [տե՛ս
Մատթ. 3.16]:
Աղավնու բարձրաքանդակ «Հոգի Սուրբ» զարդագրով
Նորավանքի Ս. Աստվածածին եկեղեցի-զանգակատան ավագ խորանի գմբեթարդ
Լուսանկար՝ Սերգեյ Հակոբյանի