SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՍԵՐ
id440Սերը մեծագույն առաքինությունն է, քանզի Աստված Ինքը սեր է: Նա մարդկության հանդեպ անսահման սիրուց Իր Միածին Որդուն առաքեց աշխարհ: Եվ Որդին նույն սիրով իրականացրեց Իր փրկագործությունը՝ հնազանդվելով Հորը և մինչև վերջ տանելով Իր խաչը: Քրիստոսի օրինակով մարդկությանը բացահայտվեց Աստծո էությունը՝ սերը, որով Նա նախախնամում, պահպանում է մեզ և հրավիրում երկնային խնջույքի՝ վայելելու Իր անսպառ բարիքները:
Ստեղծված լինելով Արարչի պատկերով՝ ի սկզբանե մարդը կրում էր աստվածային սիրո շնորհը, սակայն ադամական մեղքից հետո սիրո ընդունակությունը կորցրեց իր վսեմությունը և նենգափոխվեց. մարդիկ սկսեցին սիրել երկրային ստորաքարշ հաճույքները, նրանց մխիթարության աղբյուրը դարձավ աշխարհը, ուր հետզհետե սկսեցին թագավորել անօրինությունը և ատելությունը: Մարդկանց սիրտն անմխիթար հեծում էր ճշմարիտ, աստվածային սիրո պակասից, այն սիրո, որի համար էր ինքը ստեղծվել:
Եվ երբ եկավ Փրկիչն ու բացեց երկնային կատարյալ սիրո աղբյուրը, երբ Սուրբ Հոգին բորբոքեց սիրո հուրը Քրիստոսին հավատացողների սրտերում, մարդը վերստացավ իր նախաստեղծ նկարագիրը՝ իր աստվածանման կերպարանքը: Սերն այնպես երջանկացրեց քրիստոնյաներին, որ նրանք պատրաստ էին ամեն զրկանքի ու հալածանքի հանուն սիրելի և պաշտելի Աստվածորդու, քանզի այդ ամենը ոչինչ էր աստվածային սիրո պատճառած երանության համեմատ:
Սերը նոր ուխտում դարձավ բոլոր պատվիրանների հիմքը: Ճշմարտապես սիրելով Աստծուն և մերձավորին՝ հավատացյալը կատարում է բոլոր պատվիրանները: Սերը նրան մղում է անդադար միավորվել Աստծուն՝ աղոթքով զրուցելով Նրա հետ, անդադար փառաբանել Նրան, փախչել չարից ու մեղքերից, արհամարհել աշխարհի հրապույրները, զարդարվել առաքինություններով և ամեն կերպ հաճելի լինել սիրելի ու բաղձալի Տիրոջը:
Ճշմարիտ աստվածային սերը քրիստոնյային դարձնում է քրիստոսանման: Նա սիրում է ոչ միայն մերձավորներին և բարեկամներին, այլև թշնամիներին ու իրեն հալածողներին և միայն վշտանում ու աղոթում է նրանց համար: Նա չի կարող ատել նրանց, որովհետև լցված է սիրո շնորհով, արդեն բնակվում է հավիտենության մեջ և ջերմ ու շնորհառատ սրտով նույն երանությունն է կամենում բոլորին:
Առանց սիրո կեղծ ու սին են բոլոր քրիստոնեական առաքինությունները և բարի գործերը, որովհետև այնտեղ, ուր բացակայում է սերը, թագավորում է չարն իր խաբեությամբ ու նենգությամբ:
 
sacredtradition.am