SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՍԱՄՓՍՈՆ
id431Հերթական անգամ, երբ իսրայելացիները սկսեցին հեռանալ Աստծուց, չարություն գործել և կուռքեր պաշտել, Աստծո զորությունը և փառքը պակասեցին նրանց մեջ, և փղշտացիները մոտ 40 տարի կողոպտեցին, հալածեցին ու չարչարեցին նրանց:
Այդ ժամանակ ապրում էր Մանուե անունով մի մարդ, որը զավակ չուներ: Մի օր նրա կնոջը երևաց Տիրոջ հրեշտակը և երեխայի ծնունդ ավետեց: «Արդ, զգո՛ւյշ եղիր, գինի և օղի չխմես և ոչ մի անմաքուր բան չուտես,- ասաց նա,- որովհետև ահա դու պիտի hղիանաս և մի որդի ծնես: Նրա գլխին ածելի չպիտի դիպչի, որովհետև մանուկը Աստծո ուխտավոր պիտի լինի հենց մոր արգանդից. նա պիտի սկսի փրկել Իսրայելը այլազգիներից» [Դատ. 13.4-5]:
Երեխային կոչեցին Սամփսոն (նշանակում է արեգակ) և ամեն ինչ արեցին այնպես, ինչպես պատվիրել էր Տիրոջ հրեշտակը: Աստված օրհնեց մանուկ Սամփսոնին և նրան արտակարգ ուժ և քաջություն պարգևեց: Երբ նա ընդամենը 18 տարեկան էր, ճանապարհով գնալիս հանկարծ նրա վրա մի առյուծ հարձակվեց: Սամփսոնը բռնեց կենդանու երախից և ճեղքելով պատառ-պատառ արեց նրան: Մի անգամ էլ նա մեկ օրում հազար փղշտացի ոչնչացրեց:
Աստծո կամքով 20 տարի շարունակ Սամփսոնը եղավ Իսրայելի դատավորը: Նա ամեն կերպ իր ժողովրդին պաշտպանում էր թշնամիներից, որոնք սարսափում էին Սամփսոնի ամեհի ուժից և չէին կարողանում հաղթել նրան ո՛չ զենքով, ո՛չ էլ դավադրությամբ:

Սամփսոնը կործանում է փղշտացիների տաճարը
XIX դ.: Հեղինակ՝ Յուլիուս ֆոն Կարոլսֆելդ

Բայց եկավ մի օր, երբ այդ հաջողվեց նրանց: Դալիլա անունով մի փղշտուհի, որին սիրում էր Սամփսոնը, իր ազգի իշխանների հանձնարարությամբ հետամուտ եղավ իմանալու նրա զորության գաղտնիքը: Դալիլան անդադար խնդրում էր Սամփսոնին, որ նա հայտնի իր գաղտնիքը, ու թեև Սամփսոնը հրաժարվում էր, կինը սակայն, չէր դադարեցնում իր խնդրանքները: Ի վերջո Սամփսոնը զիջեց և ասաց. «Իմ գլխին ծնված օրից ածելի չի դիպել, որովհետև Աստծո ուխտավորն եմ ես: Եթե ածիլվեմ, իմ ուժը կգնա, ու ես կտկարանամ» [Դատ. 16.17]:
Այդժամ Դալիլան քնեցրեց Սամփսոնին, ապա կանչեց փղշտացիներին, որոնք խուզեցին նրա մազերը: Աստվածային զորությունն իսկույն լքեց Սամփսոնին, և նա զրկվեց պաշտպանությունից: Եվ փղշտացիները, նրան բռնելով, փորեցին աչքերը և տարան Գազա, որտեղ շղթայակապ բանտ նետեցին:
Մի օր, երբ Սամփսոնի մազերն արդեն երկարել էին, և վերադարձել էր նրա զորությունը, փղշտացիները հավաքվեցին՝ զոհ մատուցելու իրենց Դագոն չաստծուն, որն իբրև թե Սամփսոնին մատնել էր իրենց ձեռքը: Նրանք Սամփսոնին դուրս բերեցին բանտից, որ նա Դագոնի տաճարում իրենց առջև պարի: Տաճարի մեջտեղում կանգնած՝ Սամփսոնը շոշափեց մեհյանի սյուները և աղաղակեց Տիրոջը. «Ո՛վ Տեր, աղաչում եմ, հիշի՛ր ինձ. միայն այս անգամ էլ ինձ զորացրո՛ւ, որ վրեժ լուծեմ թշնամիներից» [Դատ. 16.28]:
Եվ նա ուժգին թափահարեց սյուները. տաճարը քանդվեց, և փլատակների տակ մնացին թե՛ ինքը և թե՛ բոլոր կռապաշտները:
 
sacredtradition.am