ՍԱՄՈՒԵԼ ՄԱՐԳԱՐԵ
id430Սամուելը
Իսրայելի վերջին դատավորն էր և մեկը այն
մարգարեներից, որոնց միջոցով
Աստված Իր
արդարության դասերը տվեց Իր ժողովրդին: Նրա մայրը՝ Աննան, որ երկար տարիներ երեխա չէր ունենում, մի օր
աղոթելիս ուխտ արեց, որ եթե Տերը զավակ պարգևի իրեն, նրան կնվիրի
Աստծուն: Այդպես էլ եղավ. ծնվեց Սամուելը, և երբ երեխան մեծացավ, մայրը նրան հանձնեց Հեղի անունով
քահանայապետին (որն այդ ժամանակ
Իսրայելի դատավորն էր) տաճարում ծառայելու համար:
Մի անգամ, երբ ծառայությունից հետո Սամուելն ու Հեղին հանգստանում էին, Սամուելին 3 անգամ արթնացրեց Տիրոջ ձայնը: Նա կարծում էր, թե Հեղին է իրեն կանչում, և ամեն անգամ վազում էր նրա մոտ: Ի վերջո
քահանայապետը հասկացավ, որ Տերն է կանչում Սամուելին, և պատվիրեց տղային ձայնը կրկին լսելիս պատասխանել. «Խոսի՛ր, Տե՛ր, Քո ծառան լսում է»: Սամուելն այդպես էլ արեց, և
Աստված այդ օրը խոսեց նրա հետ: Իր պատանի ընտրյալի միջոցով Տերը հանդիմանեց Հեղիին նրա որդիների անօրինությունների համար [
Ա Թագ. 3.1-14]:
Այդ օրվանից սկսվեց Սամուելի
մարգարեական ծառայությունը, որի ընթացքում նա բազմիցս արժանացավ Տիրոջ
հայտնություններին: Նրա համբավը շուտով տարածվեց ողջ
Իսրայելում, և ժողովուրդը շատ անգամներ ապավինեց Սամուելին՝ որպես
Աստծո մարգարեի:
Սամուել մարգարե (լուսանցապատկեր)
Երևան, ձեռ. 7361, էջ 218ա, Հայսմավուրք, XV դ., Տաթև
Սակայն անօրինություններն ու
կռապաշտությունը տարիներ շարունակ չէին պակասում
Իսրայելում, ինչի պատճառով չէին դադարում նաև աղետները: Ու եկավ մի օր, երբ փղշտացիները հաղթեցին
Իսրայելի որդիներին՝ կոտորելով 30 հազար զինվոր: Թեև Հեղին իր երկու որդիների հետ մարտի դաշտ ուղարկեց
ուխտի տապանակը իբրև հաղթանակի առհավատչյա, սակայն
տապանակը գերեվարվեց, իսկ Հեղիի որդիները զոհվեցին: Լսելով այս լուրը՝ Հեղին ընկավ ու մահացավ [
Ա Թագ. 4.1-18]: Այս ամենով Տերը խրատեց, որ
սրբությունը չի օգնում նրանց, ովքեր չեն պահում
պատվիրանը:
Սա Տիրոջ պատիժների գագաթնակետն էր, որը ցնցեց ու զգաստացրեց ողջ
Իսրայելը՝ դրդելով սթափվել
մեղքերից և դիմել
Աստծուն, որ Նա գթա ու ների իրենց: Այդ ժամանակ Սամուելը Տիրոջ հրամանով դիմեց
Իսրայելի բոլոր ցեղերին, որպեսզի նրանք իսպառ վերացնեն
կռապաշտությունը, լիովին ընդունեն իրենց հանցանքները և
ապաշխարեն, որպեսզի նորոգեն իրենց
ուխտը Աստծո հետ:
Իսրայելի որդիներն ի սրտե
ապաշխարեցին, և
Աստծո ողորմածությունը վերադարձավ Նրա ժողովրդի վրա: Սամուելը դարձավ
Իսրայելի դատավորը և մեծ
արդարությամբ ու
իմաստությամբ տարիներ շարունակ հովվեց ժողովրդին:
Երբ Սամուելն արդեն ծեր էր և ժողովրդի պահանջին անսալով՝ ստիպված էր թագավոր օծել
Իսրայելի համար (տե՛ս
Իսրայելի թագավորներ), նա
խոնարհաբար և կամովին իրեն հանձնեց ժողովրդի դատին: Սակայն բոլորը վկայեցին, որ նրա կողմից երբեք որևէ անօրինություն չի գործվել: Այդժամ Սամուելը հայտարարեց, որ ժողովրդի՝ թագավոր ունենալու պահանջը անարդար է Տիրոջ առջև: Եվ իբրև իր խոսքերի հաստատում՝ մի նշան խնդրեց
Աստծուց: Ի պատասխան նրա խնդրանքի՝ որոտ ու անձրև եղավ: Այդ տեսնելով՝
իսրայելացիները զղջացին և հայցեցին մարգարեի
բարեխոսությունը Տիրոջ առջև:
Սամուելը մինչև
մահ չդադարեց իբրև
մարգարե ծառայել
Աստծուն: Նա քանիցս հանդիմանեց Սավուղ թագավորին նրա անօրինությունների համար և մեծ վշտի մեջ ընկավ նրա անուղղելի վարքից: Սակայն Սամուելի վիշտը երկար չտևեց, որովհետև շուտով
Աստծո հրամանով նա գտավ ու Սավուղից թաքուն թագավորական
օծում շնորհեց պատանի Դավթին և իր
մարգարեական հոգով կանխավայելեց նրա միջոցով
Իսրայելին սպասող աստվածային
փառքը և
արդարությունը: