ՍԱՂՄՈՍ
id426Սաղմոս են կոչվում այն հոգևոր երգերը կամ
օրհներգությունները, որոնք կազմում են
Հին Կտակարանի ուսուցողական գրքերից մեկը՝ Սաղմոսարանը: Սաղմոսների մեծ մասի հեղինակն է
Դավիթ թագավորը:
Սաղմոսները բովանդակում են զանազան հոգևոր
խորհուրդներ, որոնք վերաբերում են Արարչին և
երկնային զորություններին, արարչագործությանն ու
փրկագործությանը,
բարեպաշտության և
ապաշխարության սկզբունքներին: Նրանք մերթ
փառաբանում ու գովերգում են Տիրոջը, մերթ հայցում Նրա ներողամտությունն ու պահպանությունը, մերթ ուսուցանում են ու խրատում, մերթ ներկայացնում
Փրկչի գալստյան և Նրա
տնօրինությունների մարգարեական պատկերները:
Հին
Իսրայելի աստվածպաշտությունը հիմնականում կազմված է եղել սաղմոսներից:
Բարեպաշտ իսրայելացիները շատ սաղմոսներ անգիր գիտեին և դրանցով էին կատարում իրենց առանձնական
աղոթքները: Քրիստոնեական
աստվածպաշտության մեջ ևս սաղմոսները հիմնարար դեր են կատարում և
աղոթքի կարևորագույն օրինակներ են, քանզի նրանց բովանդակությունը, հաճախ այլաբանորեն, համահունչ է հոգևոր կյանքի օրինաչափություններին և շատ դեպքերում
մարգարեաբար վերաբերում է
քրիստոնյայի փրկագործությանը: Այս պատճառով սաղմոսները
Եկեղեցու ժամակարգության հիմնական մասն են կազմում. բացի այն, որ
Գիշերային ժամերգության ընթացքում, 8 օրվա մեջ ընթերցվում է ամբողջ Սաղմոսարանը,
ժամերգությունների շատ մասեր կազմված են սաղմոսներից և նրանց հատվածներից, և շատ երգերի ու
շարականների բովանդակության հիմքը սաղմոսներն են: