ՈՒԽՏ
id3951. Նշանակում է դաշինք, որ կնքվում է երկու կողմերի միջև, ինչպես նաև՝ հավատարիմ խոստում:
Թեև
Ադամի ու Եվայի մեղանչումից հետո
Աստված պատժեց նրանց՝ վտարելով
դրախտից, բայց և այնպես չթողեց անմխիթար, այլ խոստացավ, որ ի վերջո մարդու սերունդը պիտի հաղթի օձին՝
սատանային, և ազատագրվի
չարի իշխանությունից:
Դա
Աստծո առաջին խոստումն էր՝ առաջին ուխտը, որով Նա կանխանշեց
Քրիստոսի գալուստը: Այնուհետև Տերն ուխտ կնքեց
Նոյի հետ, ապա
Աբրահամի և
Մովսեսի միջոցով՝ ողջ
Իսրայելի հետ՝ ընտրելով և հաստատելով Իր ժողովրդին, որի մեջ պիտի ծնվեր
Փրկիչը: Այս ամենը ներկայացնում է
Աստծո՝ մարդկության հետ կնքած հին ուխտը, այսինքն՝ Նրա հին խոստումն ու դաշինքը, որով Տերը մարդկությանը նախապատրաստեց ընդունել
Մեսիային: Իսկ այդ խոստման իրականացումը Հիսուս
Քրիստոսի գալստյամբ և
փրկագործությամբ կոչվում է նոր ուխտ, քանի որ Նա Իր
տնօրինություններով մեզ
փրկեց կորստից և նոր դաշինք կնքեց, որը կատարելով՝ բոլորը դարձյալ կարող են ստանալ կորսված հավիտենական երանությունը, այսինքն՝ մտնել
երկնքի արքայություն:
2. Հավատացյալի կողմից
Աստծուն տրված խոստում՝ այն հավատարմորեն կատարելու պարտավորության ստանձնումով: Այդպիսի ուխտը կարող է լինել ժամանակավոր կամ մշտական, նյութական (օրինակ՝
մատաղը կամ այլ նվիրատվություն), մարմնական (օրինակ՝ ծոմապահությունը և այլ կամավոր հրաժարումներ) կամ էլ բարոյական (ինչպիսին էր, օրինակ,
Սամուել մարգարեի մոր կամ
Աստվածամոր ծնողների՝ իրենց զավակին
Աստծուն նվիրելու խոստումը):
Բնույթով նման, բայց առավել պաշտոնական և ծեսով ամրագրվող ուխտեր են
կուսակրոնության, աղքատության և այլ
կանոնական խոստումները, որոնք տրվում են հոգևորականների կողմից՝ ըստ կրոնական կոչվածության:
3. Սուրբ ուխտ է կոչվում նաև
կուսակրոնության ուխտ արած վանական միաբանության բոլոր անդամների ամբողջությունը. օրինակ՝ ասում են Սուրբ
Երուսաղեմի ուխտ, Սուրբ Թադեի ուխտ, Արմաշի սուրբ ուխտ և այլն: