SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ՆԵՐՍԵՍ ՄԵԾ (մոտ 329-373)
id365Ս. Ներսես Մեծը՝ ս. Գրիգոր Լուսավորչի թոռան՝ ս. Հուսիկ հայրապետի թոռը, ուսանել է Կեսարիայում: Հայրենիք վերադառնալուց հետո Արշակ II թագավորը նրան նշանակել է արքունի սենեկապետ, այնուհետև, շնորհելով հոգևոր բոլոր աստիճանները, 353-ին ուղարկել Կեսարիա՝ ձեռնադրվելու հայոց հայրապետ: Ըստ ավանդության՝ այնտեղ նրա հետ ձեռնադրվել է նաև ս. Բարսեղ Կեսարացին:

Ս. Ներսես Մեծը պատարագելիս
Երևան, ձեռ. 2639, էջ 250ա, Ժողովածու, 1672 թ., Ամրդոլու վանք
Ծաղկող՝ Սահակ Վանեցի

Իր աթոռակալության ընթացքում ս. Ներսեսը պայքարեց պարսկական ազդեցության դեմ. արգելելով պարսկերենի ուսուցումը՝ բացեց նոր դպրանոցներ, որոնցով նպաստեց թուլացած քրիստոնեական ավանդույթների վերահաստատմանը: Նա ամեն կերպ հոգաց, որ Եկեղեցու պաշտոնյաները զինվեն գիտությամբ և աստվածային իմաստությամբ: Ս. Ներսեսի օրոք մեծ ծաղկում ապրեց վանականությունը. կառուցվեցին բազմաթիվ վանքեր ու եկեղեցիներ, որոնցով լցվեց ողջ Հայոց աշխարհը:
Սուրբ հայրապետը հայտնի էր մեծ աղքատասիրությամբ. նա երբեք ճաշի կամ ընթրիքի չէր նստում առանց աղքատների և կույրերի, անդամալույծների ու ցավագարների սեղանակցության: Եվ սիրում էր անձամբ սպասավորել ու դարմանել նրանց:
371-ին, երբ պարսից Շապուհ II արքան մեծաքանակ զորքով ներխուժեց Հայաստան, ս. Ներսեսը ճակատամարտից առաջ քաջալերեց հայ մարտիկներին, որ աներկյուղ և հավատով զինված՝ մարտնչեն թշնամու դեմ: Իսկ ինքը, բարձրանալով Նպատ լեռան գագաթը, ողջ մարտի ընթացքում բազկատարած աղոթեց այնքան ժամանակ, մինչև որ հայոց բանակը լիակատար հաղթանակ տարավ:
Հայոց կաթողիկոսը սպանվեց՝ թունավորվելով Պապ թագավորի կողմից: Ըստ ավանդության՝ սուրբը կանխապես գիտեր թագավորի դավադրության մասին, սակայն կամովին ընդունեց մահվան հրավերը՝ թունավորված գինին խմելուց առաջ հանդիմանելով արքային: Այնուհետև իր մահն արժանավայել դիմավորելու համար պատարագ մատուցեց, իսկ վախճանից առաջ մերձավորներին պատմեց իրեն տրված հայտնությունը սպասվող իրադարձությունների՝ Արշակունիների կործանման, Արևելքի նվաճողների տիրապետության, այնուհետև նրանց կործանման և քրիստոնեության վերածաղկման, ինչպես նաև Նեռի գալստյան և աշխարհի վախճանի մասին:
 
sacredtradition.am