ՅՈԹ ՄԱՀԱՑՈՒ ՄԵՂՔԵՐ
id355Մահացու
մեղքերը թեև բազմաթիվ են, սակայն սուրբ հայրերը դրանք խմբավորում են հետևյալ 7 տեսակների մեջ.
հպարտություն, նախանձ, բարկություն, ծուլություն, ագահություն, որկրամոլություն և
բղջախոհություն:
Մեղքերի այս հաջորդական շարանը սուրբ հայրերը նմանեցնում են մեղավոր մարդու սրտի շուրջ փաթաթված շղթայի կամ օձի, որից ազատագրվելու համար անհրաժեշտ է նախ ճանաչել յուրաքանչյուր
մեղքի էությունը, ապա որոշակի պայքար մղել դրանց դեմ:
Հպարտությունը բոլոր
մեղքերի գլուխն է, քանի որ նրանով ընկավ
սատանան՝ ըմբոստանալով Արարչի դեմ և իր հետ կործանելով բազում այլ
հրեշտակների, որոնք վերածվեցին
դևերի և իրենց պարագլխի հետ առ այսօր
չարիք են սերմանում աշխարհում: Հպարտությամբ ընկան և մեր նախածնողները, քանզի ցանկացան առանց
շնորհի աստվածանալ: Հպարտությունը միշտ կործանում է բերում, թեպետ երբեմն նույնիսկ օգտակար ու անհրաժեշտ է թվում մարդուն: Ավելին, աշխարհիկ հասարակության մեջ այն հաճախ
առաքինություն է համարվում: Մինչդեռ բոլոր
չարիքների, փոխադարձ անըմբռնողության և անհիմն թշնամանքի համար մարդիկ «պարտական» են հպարտությանը: Հպարտն արհամարհում է մերձավորին՝ չգնահատելով նրա արժանիքները, և միայն իրենն է գնահատում, ամբարտավան ու մեծամիտ պահվածքով շարունակ թունավորում է միջավայրը և ի վերջո ատելի դառնում թե՛ մարդկանց, թե՛
Աստծո կողմից: Քանզի, արդարև, «ով իր անձը բարձրացնում է, կխոնարհվի» [
Մատթ. 23.12]: Այս արատն ունի նաև ծածուկ դրսևորումներ, ինչպես կեղծ
բարեպաշտությունը, մարդահաճությունը և ի ցույց բոլորի
ողորմություն տալը, որոնցով մարդը հոգում է իր արտաքին կերպարի համար՝ զրկվելով ամենակարևորից՝ աստվածային
շնորհից և օժանդակությունից:
Նախանձը հպարտության առաջին ծնունդն է, նրա անմիջական հետևանքը, քանզի ամեն ինչում փնտրելով սեփական
փառքն ու առավելությունը՝ մարդը չի ուրախանում մերձավորի հաջողությամբ, այլ սկսում է ատել նրան, ով գերազանցում է իրեն կամ էլ հավասար է ունեցվածքով, գիտելիքով, հասարակական դիրքով ու ճանաչումով: Նախանձից ներքուստ թունավորվում է մարդու սիրտը՝ դառնալով անհանգիստ ու նենգ, դրդելով բամբասանքի և զրպարտության, իսկ երբեմն էլ՝ զազրելի ոճիրների:
Բարկությունը մարդու սրտի բնական հատկությունն է, որ տրված է որպես զենք ընդդեմ
չարի: Սակայն ընկած բնությունը ավելի շատ կրում է այն իբրև արատավոր հատկանիշ, որը դրսևորվում է ինքնահավան և տրտնջացող սրտում: Եթե
խոնարհ և բարեսիրտ հոգին բարկանում է ընդհանուր
չարիքի և սեփական
մեղքերի համար, ապա հպարտ ու նախանձ մարդը ամեն առիթով իր բարկությունն ուղղում է դեպի մերձավորը: Դա հաճախ հանգեցնում է վիրավորանքների, հայհոյության, անիմաստ վեճ ու կռվի, որոնք կարող են ողբերգական վախճան ունենալ: «Ով զուր տեղը բարկանում է իր եղբոր վրա, ենթակա կլինի դատաստանի»,- ասում է Տերը՝ բարկությունը նույնացնելով սպանության
մեղքի հետ [տե՛ս
Մատթ. 5.22]: Բարկությունը կարող է նաև չդրսևորվել անմիջականորեն, այլ թաքնվել սրտի խորքում և աստիճանաբար վերածվել ատելության: Իսկ «ով ատում է եղբորը, մարդասպան է,- ասում է ս.
Հովհաննես ավետարանիչը,- և գիտենք, որ ամեն մարդասպան իր մեջ հավիտենական կյանք չունի» [
Ա Հովհ. 3.15]:
Ծուլությունն, իբրև
մեղք, հոգևորի հանդեպ մարդու անտարբեր և անփույթ լինելու հետևանքն է: Մարդը կարող է գիշեր ու զօր աշխատել, սակայն
Աստծո առջև դատապարտվել ծուլության մահացու
մեղքով, եթե չհոգա իր հոգևոր առաջընթացի,
աստվածպաշտության գործերի և գիտելիքներ ձեռք բերելու համար: Ծուլությունը հաճախ արտահայտվում է անհասկանալի տրտմութամբ ու ձանձրույթով, որը բաց դուռ է
չար խորհուրդների և
աշխարհի գայթակղությունների առջև:
Ագահությունը անհրաժեշտ ունեցվածքով չբավարարվելու կիրքն է: Որքան մարդը զուրկ է լինում հոգևորից, այնքան նա իր հայացքը հառում է աշխարհին և ակնածում երկրային բարիքներից՝ ձգտելով դրանցով լցնել սեփական հոգու դատարկությունը: Սակայն մարդու կյանքը իր ունեցվածքի կուտակման մեջ չէ [տե՛ս
Ղուկ. 12.15], և ոչինչ չի կարող մխիթարել մարդուն, եթե նա չփնտրի
երկնքի արքայությունը, քանզի մեր հոգին ստեղծված է ոչ թե անցավոր երկրայինով, այլ
երկնային անսպառ
շնորհով լցվելու, մինչև իսկ՝ անբավելի Արարչին իր մեջ բնակեցնելու համար: Մինչդեռ, դավաճանելով սեփական կոչվածությանը, նախընտրելով նյութական բարիքները և տարվելով դրանց խաբուսիկ փայլով, մարդը սկսում է նմանվել անբան կենդանիների:
Պողոս առաքյալը ագահությունն անվանում է
կռապաշտություն [տե՛ս
Կող. 3.5], քանի որ տարվելով ունեցվածքով և դրա առատությունը դարձնելով կյանքի նպատակ՝ մարդն իր մեջ տեղ չի թողնում
երկնային շնորհի համար: Ագահությունը կործանում է ողորմածության ոգին և մարդուն անտարբեր դարձնում ուրիշի վշտերի ու կարիքների հանդեպ, ինչով հեռացնում է իրենից նաև
Աստծո ողորմածությունը:
Որկրամոլությունը ագահության դրսևորումն է՝ մարմնի գոյության համար անհրաժեշտ սննդառության ոլորտում: Այն արտահայտվում է համեղ ուտեստների հանդեպ հիվանդագին կապվածությամբ: Այս արատն այնքան է սերտաճել մեր բնության հետ, որ հաճախ դժվարությամբ է զանազանվում բնական և անհրաժեշտ սննդառությունից: Այն չափանիշները, որոնք ընդունված են
աշխարհում, սկզբունքորեն հիմնված են համի հաճույքի անկաշկանդ ավելացման վրա: Իսկ վերջինս ստիպում է չարաշահել նաև սննդի քանակը, որը հանգեցնում է ավելորդ, հաճախ վնասակար կուտակումների: Արդյունքում առաջանում են բազմաթիվ ստորակարգ կրքեր, որոնք
աշխարհը համարում է նույնքան բնական և շտապում բավարարել բոլոր միջոցներով: Որոշ առումով՝ ողջ քաղաքակրթությունը ծառայում է մարդկային ստամոքսին՝ ըստ նրա քմահաճության կերտելով սերունդների գիտակցությունը: Մինչդեռ յուրաքանչյուր ճշմարիտ
քրիստոնյա գիտե, թե կուշտ լցված ստամոքսն ինչպես է բթացնում սիրտը և հեռացնում
աղոթքից, մարդուն դարձնում քնկոտ ու ծույլ, անընդունակ հոգևոր խոկման և վսեմ
խորհուրդների, իսկ այդ պատճառով առաջացած կրքերը՝ գրեթե անհաղթահարելի:
Բղջախոհությունը որկրամոլության ծնունդն է և
մեղքի զարգացման ամենաբարդ ու դժվար հաղթահարելի աստիճանը: Այն մարդու ամոթալի կապվածությունն է մարմնի հետ, որ գործում է ոչ միայն զգայարանների, այլև հոգու զորությունների՝ մտքի և տրամաբանության, հիշողության ու երևակայության, հույզերի և զգացմունքների ստորակարգ չարաշահումով: Ոչ մի
մեղք այնքան չի զարգացել ու սերտաճել ներկայիս քաղաքակրթության հետ՝ նրա մշակույթի բաղկացուցիչ մասը դառնալով, որքան բղջախոհությունը: Ավելին, այն, իբրև ժառանգական հատկանիշ, աճում և աղետալի չափերի է հասնում. սեռական ակտիվությունն ու հետաքրքրությունը աստիճանաբար սկսում են դրսևորվել առավել ցածր տարիքում: Մինչդեռ սեռական հեղափոխության ջատագովները շարունակում են հեղեղել ողջ աշխարհը հնարավոր բոլոր միջոցներով: Բղջախոհությունը, կոչվելով տարբեր անուններով, իբրև արտոնված և խրախուսվող երևույթ, սպառնում է մուտք գործել յուրաքանչյուր ընտանիք և հաղթահարելով «նախապաշարումներն» ու «ավելորդ ամոթը»՝ համարվել օրինաչափ և օգտակար:
Սատանան թերևս երբեք մարդկության հանդեպ ավելի մեծ հաղթանակ չի տոնել և երբեք այնքան չի ստորացրել մարդուն, որքան այսօր: Կարելի է ասել, որ մենք այժմ ապրում ենք բղջախոհության դարաշրջանում, որը, լինելով մահացու
մեղքերից վերջինը, ասես
խորհրդանշում է նաև այս դարաշրջանի վախճանական լինելը:
Բղջախոհությունը պոռնկական
խորհուրդների միջոցով մշտապես ծառայել է
չարին իբրև հզորագույն միջոց՝
քրիստոնյաներին փորձության ենթարկելու համար: Քանզի
սատանան լավ գիտե, թե այն որքան է տկարացնում
աստվածպաշտության ընթացքը, պղտորում ու պղծում սիրտը՝ խավարեցնելով մտքի պայծառությունը և մարդուն հեռացնելով
Աստծուց: Ուստի ճշմարիտ
քրիստոնյան պարտավոր է մշտապես պայքարել բղջախոհության, ինչպես նաև բոլոր մյուս մահացու
մեղքերի դեմ՝ ձգտելով ամբասիր լինել այս բազմաշերտ
փորձությունների հորձանուտում և անմասն մնալ
սատանայի գործերին:
* * *
Սուրբ
վարդապետներն ուսուցանում են, որ յուրաքանչյուր
մեղքի հաղթահարման լավագույն ճանապարհը նրան հակադիր
առաքինությունը գործելն է: Հպարտության դեմ պետք է պայքարել
խոնարհություն արծարծելով, նախանձի դեմ՝ կամեցողություն, բարկության դեմ՝ հեզություն և համբերություն, իսկ ծուլության դեմ՝ հոգևոր ջանասիրություն և հնազանդություն: Ագահությունը պետք է մարել ողորմածությամբ, որկրամոլությունը՝
պահքով, իսկ բղջախոհությունը՝
ողջախոհությամբ:
Արդ,
խոնարհություն ձեռք բերելու համար սուրբ հայրերը
խորհուրդ են տալիս խոկալ մեր մահկանացու բնության թշվառության մասին, որի մեջ է գտնվում յուրաքանչյուր մարդ արարած և որից կարող է ազատագրվել միայն
երկնքի արքայության մեջ: Այսպիսի իմաստուն խոկումները սեփական աչքում արժեզրկում են մարդուն, իմաստազրկում որևէ առավելությամբ հանդես գալու նրա մղումները, դրդում
ապաշխարության և ոչ թե ինքնահաստատման: Ներկայիս քաղաքակրթությունն անում է ամեն ինչ, որ մարդը մոռանա
մահը և իր թշվառությունը, այս կարճատև կյանքում զգա իրեն հզոր ու երջանիկ, իսկ ուրիշների նկատմամբ առավելության հասնելու ձգտումը դիտի իբրև առողջ մրցակցություն: «Վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան,- գրում է ս.
Պողոս առաքյալը,- երբ մարդիկ պիտի լինեն անձնասեր, փողասեր, հպարտ, ամբարտավան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարո, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի շատ հեշտասեր, քան աստվածասեր» [
Բ Տիմ. 3.1-4]:
Սակայն յուրաքանչյուր
քրիստոնյա պարտավոր է հակառակվել դարի ոգուն: Դրա համար նա ունի իր
երկնային Առաջնորդին, Որի կերպարը պիտի կրի իր հոգու հայացքի առջև՝ հիշելով Նրա խոսքը. «Սովորեցե՛ք Ինձանից, որ հեզ եմ և սրտով խոնարհ» [
Մատթ. 11.29]:
Որքան մարդը պայքարի հպարտության դեմ՝ ձգտելով
խոնարհության, այնքան կսկսեն նվազել նաև մյուս մահացու
մեղքերը՝ զրկվելով իրենց սնող չար աղբյուրից, մանավանդ՝ եթե մնացած բոլոր
մեղքերին էլ հակադրենք համապատասխան
առաքինությունները: Ընդ որում, չպետք է սպասենք
մեղանչական խորհրդի կամ կրքի հայտնվելուն, որպեսզի նրան հակադրենք համապատասխան
առաքինությունը:
Այսպես, նախքան նախանձի դրսևորվելը պետք է կամեցողություն և
սեր արծարծենք մեր սրտում, քանզի, ինչպես գրված է, «սերը չի նախանձում» [
Ա Կոր. 13.4], և ընդհանրապես՝ ձգտենք բոլորի հանդեպ բարյացակամ վերաբերմունքի. «ոչ ոքի չչարախոսենք, չլինենք կռվարար, այլ հեզ՝ բոլոր մարդկանց հանդեպ քաղցրություն ցույց տալով» [
Տիտ. 3.2]:
Նմանապես, նախքան մերձավորի կողմից բարկացնող առիթի հանդիպելը պետք է զինվել համբերությամբ՝ պատրաստ հանուն
Քրիստոսի հեզաբար տանելու ամեն վիրավորանք, որպեսզի ոչ թե ցասման հետևանքով կորցնենք ինքնատիրապետումը, այլ սիրով ու
խոնարհությամբ հանդիմանենք՝ անկեղծորեն ցանկանալով մերձավորի բժշկությունը և ազատագրումը
մեղքից:
Որպեսզի ծուլությունը մեզ չհաղթահարի, պետք է ստիպել մեր ընկած բնությանը՝ հաճախ
աղոթել և պարապել
Սուրբ Գրքի և սուրբ հայրերի ընթերցանությամբ, հնազանդվել
Եկեղեցու սահմանած կարգին՝ պահելով պահոց օրերը և մասնակցելով
ժամերգություններին և սուրբ
պատարագին:
Ագահության փոխարեն պետք է ձգտենք չափավորության՝ բոլոր մարմնական և նյութական կարիքները սահմանափակելով անհրաժեշտով և մերժելով ամենայն ավելորդություն ու զեխություն: Մանավանդ՝ ձեռք բերենք ճշմարիտ ողորմածություն. ավելի շատ սիրենք տալ, քան վերցնել՝ ուրախանալով աղքատին ուրախացնելու համար: Այսպես գանձեր կդիզենք
երկնքում [տե՛ս
Մատթ. 6.20]՝ առավելացնելով ոչ թե ունեցվածքը, այլ
փրկության հույսը, քանզի «ողորմածությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց» [
Հակ. 2.13]:
Որկրամոլությունը հաղթահարելու համար մեզ տրված է
պահքը: Եվ վերջինս իրոք
փրկարար կլինի, եթե պահոց օրերին ոչ միայն փոխենք կերակրի տեսակը, այլև սահմանափակվենք քչով: Եվ եթե ստիպենք մեզ այսպես վարվել բոլոր պահոց օրերին, աստիճանաբար քչակերությունը կդառնա բնական և ցանկալի:
Սակավապետությունն ու քչակերությունը ինքնըստինքյան կմարեն նաև բղջախոհության հուրը՝ վերջինիս զրկելով սննդից: Սակայն պետք է նաև հատուկ ճիգերով մշտապես ձգտել
ողջախոհության՝ թույլ չտալով, որ սեփական սրտին տիրեն աստվածամարտ ու մարդատյաց
դևերը, որոնք ոչնչից այնքան չեն հրճվում, որքան մարդուն անպարկեշտ ու անառակ
խորհուրդների և արարքների մեջ գցելուց: Ուստի պետք է հեռու պահենք մեր աչքն ու ականջը
աշխարհի մեղսածին տպավորություններից՝ հիշելով, որ սերը այս աշխարհի հանդեպ թշնամություն է Աստծո դեմ [տե՛ս
Հակ. 4.4], խուսափենք քնկոտությունից և մարմնահաճությունից՝ միշտ հիշելով, որ մեր մարմինը
Աստծո բնակության տաճարն է, և այն պետք է սուրբ պահել ամեն ախտաժետությունից [տե՛ս
Ա Կոր. 3.16-17]: