Ս. ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ (մոտ 362-440)
id346Ս. Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոնի գավառի Հացեկաց գյուղում: Կրթություն ստանալով Հայաստանում՝ նա քաջ գիտեր հունարեն, պարսկերեն, ասորերեն, վրացերեն: Միառժամանակ արքունիքի ատենադպիրը լինելուց հետո նա անցավ զինվորական ծառայության, որը թողնելով 394 թ.՝ դարձավ
վանական:
Քարոզելով Հայաստանի տարբեր շրջաններում՝ Մեսրոպը խորապես գիտակցեց իր ժողովրդին սպառնացող վտանգը երկրում տիրող օտար ազդեցությունների հետևանքով և վճռեց ստեղծել հայոց գրերը: Այդ նպատակով
Սահակ Պարթև կաթողիկոսի և Վռամշապուհ թագավորի (389-414) աջակցությամբ նա ուղևորվեց Ասորիք:
Մեսրոպը բազում նեղություններից և ապարդյուն ջանքերից հետո, 406 թ.,
աղոթքի պահին
տեսիլքով ի վերուստ ստացավ հայերենի հնչյունային համակարգին լիովին համապատասխանող 36 նշանագրերի պատկերները: Վերադառնալով հայրենիք՝ նա անմիջապես
հայրապետի հետ ձեռնամուխ եղավ հայ դպրության տարածմանը. բացեց դպրոցներ, եկեղեցական արարողությունները հայացնելու նպատակով կազմեց
Պատարագամատույցի և
Ժամագրքի նախնական տարբերակները, սկսեց
Սուրբ Գրքի թարգմանությունը, գրեց
քարոզներ, ճառեր, ուղերձներ, ինչպես նաև հորինեց
ապաշխարության երգեր:
Ս.
Մովսես Խորենացու վկայությամբ՝ ամբարտավանությունը և մարդահաճությունը երբեք տեղ չգտան ս. Մեսրոպի կյանքում: Նա
հրեշտակի տեսք ուներ, բեղուն միտք, պայծառ էր խոսքով և ժուժկալ՝ կենցաղով:
Ս. Մեսրոպը վախճանվեց ս.
Սահակ Պարթևի մահից 6 ամիս անց: Այն տան վրա, որտեղ սուրբն ավանդեց հոգին, խաչակերպ
լույս էր շողում, որը տեսնելով՝ շատ անհավատներ
դարձի եկան ու
մկրտվեցին: Նույն լուսեղեն
խաչը, ի տես ողջ ժողովրդի, ուղեկցում էր նրան իր դագաղի վրա՝ մինչև երանելուն հանձնեցին հողին:
Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու խորանի տակ գտնվող ս. Մեսրոպ Մաշտոցի դամբարանը
Լուսանկար՝ Զավեն Սարգսյանի