ՄԵՌՈՆ
id344«Մեռոն» հունարեն նշանակում է անուշահոտ հեղուկ, օծանելիք:
Ինչպես հին
ուխտի օծման յուղը, այնպես էլ քրիստոնեական
Եկեղեցում մեռոնը հանդիսանում է
Սուրբ Հոգու շնորհները փոխանցելու միջոց: Սրբալույս մեռոնով է կատարվում
դրոշմի և
քահանայի ձեռնադրության խորհուրդը, իսկ հնում նրանով օծվել են նաև թագավորները: Մեռոնով
օծում են
եկեղեցին, ս.
սեղանը, ինչպես նաև պաշտամունքային առարկաները՝
խաչը,
ավետարանը,
սրբապատկերները, սպասքը և այլն:
Սրբալույս մեռոնի նախագաղափարը հին
ուխտում կիրառվող
օծման յուղն է: Վերջինիս հիմնական նյութն էր ձեթը, որին խառնում էին պատվական համեմունքները՝ զմուռսը (որը գլխավոր նյութն էր), կինամոնը, խնկեղեգը և կասիան:
Հայ Եկեղեցում մեռոնի հիմնական նյութը նույնպես ձիթապտղի յուղն է, որին, ի տարբերություն հին
ուխտի օծման յուղի, ավելացվում են ոչ թե 4, այլ շուրջ 40՝ բացառապես բուսական ծագում ունեցող նյութեր:
Այդ նյութերի և բույսերի մեջ կան առաջնային, որոնց կիրառումը պարտադիր է, և երկրորդային նշանակության փոքրաթիվ բույսեր, որոնք բացառիկ դեպքերում միայն կարող են փոխարինվել նմանատիպ այլ բույսերով: Հայաստանի ներկայիս տարածքում աճում են երկրորդային նշանակության բույսերից մի քանիսը, իսկ Պատմական Հայաստանում նրանց թիվն ավելի մեծ է: Ինչ վերաբերում է մեռոնի հիմնական բույսերին, ապա նրանք աճում են Միջերկրական ծովի և Հարավարևելյան Ասիայի երկրներում:
Սրբալույս մեռոնը պատրաստվում է հնավանդ եղանակով. մեռոնի հիմնական նյութին՝ ձիթապտղի յուղին, միախառնվում է բալասանի հյութը և ծաղկահյութը: Բալասանի հյութը պատրաստելու համար եռացող ձիթապտղի յուղին ավելացվում է կտավատի ձեթի մեջ նախօրոք լուծված բալասանը՝ անուշաբույր հեղուկ ձյութը: Այսպես ստացված լուծույթը պահվում է հատուկ անոթում մինչև մեռոնի
օրհնությունը:
Մեռոնի մյուս բաղադրամասը՝ ծաղկահյութը, պատրաստվում է ձիթապտղի յուղի, գինու և մնացած բոլոր բույսերի և նյութերի միախառնումով, որոնցով լի կաթսան 2 օր եփվում է թույլ կրակի վրա: Քամելուց հետո այն նույնպես պահվում է հատուկ անոթում:
Դրվագ մեռոնի նյութի պատրաստությունից
Ս. Էջմիածնի Մայրավանք. 27 հուլիսի, 1996 թ.
Աղբյուր՝ Նազիկ Խանջյան, Սիրանուշ Գալստյան, Հայ Եկեղեցու սրբալույս մեռոնը.
«Հայաստան», Երևան, 2001
Սրբալույս մեռոնն իր
երկնային զորությունը և
սրբությունը ստանում է
օրհնության միջոցով: Այդ
օրհնության պարբերականությունը սահմանող
կանոն չկա. հնում այն կատարվել է Ավագ հինգշաբթի օրը՝ թեմակալ առաջնորդի կողմից, սակայն ներկայումս մեռոնը սովորաբար
օրհնվում է 5-7 տարին մեկ անգամ:
Ս. Էջմիածնի ավանդության համաձայն՝ մեռոնի
օրհնությունը կատարվում է եկեղեցական մեծ տոների ժամանակ՝
պատարագի ընթացքում, վեհափառ
հայրապետի կողմից:
Դրվագ մեռոնօրհնությանը նախորդող պաշտոնից
Ս. Էջմիածնի Մայրավանք. 2 օգոստոսի, 1996 թ.
Աղբյուր՝ Նազիկ Խանջյան, Սիրանուշ Գալստյան, Հայ Եկեղեցու սրբալույս մեռոնը.
«Հայաստան», Երևան, 2001
Մեռոնօրհնությունից 40 օր առաջ ձիթապտղի յուղով լցված և շղարշե քողով ծածկված հատուկ կաթսան դրվում է
Ս. Էջմիածնի Մայր տաճարի ավագ
խորանում: 40 օր շարունակ
Երեկոյան ժամերգությունից հետո պաշտոն է կատարվում
շարականների և
աղոթքների ընթերցումով, իսկ վերջին գիշերը՝ հսկում: Հաջորդ օրը տեղի է ունենում սրբալույս մեռոնի
օրհնության հանդեսը:
Զանգերի ղողանջի և «Խորհուրդ խորին»
շարականի ուղեկցությամբ եկեղեցական
թափորը վեհարանից շարժվում է դեպի Մայր տաճար:
Կաթողիկոսին և 12
եպիսկոպոսներին ուղեկցում են
դպիրներն ու
սարկավագները խաչվառով, կերոններով և
քշոցներով: Երկու շարքով 6-ական
եպիսկոպոսներ տանում են ս.
ավետարանը, ս.
Գրիգոր Լուսավորչի աջը, կենաց փայտը (տե՛ս
Խաչափայտ), ինչպես նաև մեռոնի նյութերը՝ բալասանի հյութը, ծաղկահյութը, հին մեռոնը՝ լցված համապատասխան անոթների մեջ:
Վեհափառ
հայրապետը բազմում է
կաթողիկոսական աթոռին, իսկ
եպիսկոպոսները աջից և ձախից շրջապատում են նրան: Սկսվում է
օրհնության արարողությունը: Համապատասխան
աղոթքներից,
սուրբգրային ընթերցվածքներից ու երգերից հետո լուսարարապետը բացում է մեռոնի կաթսան:
Շարականի հնչյունների ներքո վեհափառ
հայրապետը հաջորդաբար կաթսայի մեջ է լցնում ծաղկահյութը, բալասանի հյութը և հին մեռոնը: Ամեն անգամ հին մեռոնը խառնում են նորին՝
օրհնած առաջին մեռոնի մասնիկները փոխանցելու համար, ինչը
խորհրդանշում է
Եկեղեցու հարատևությունը:
Այնուհետև
կաթողիկոսը զանգերի ղողանջի տակ
խաչափայտով, ս.
գեղարդով և ս. Լուսավորչի
աջով տյառնագրում և խառնում է սրբալույս մեռոնը՝ կրկնելով
օրհնության աղոթքը: Վերջում լուսարարապետը մեռոնի կաթսան ծածկում է կափարիչով և քողով: 7 օր շարունակ այն մնում է ավագ
խորանում, և հավատացյալները մոտենում ու համբուրում են այն:
Մեռոնօրհնություն. Գարեգին I կաթողիկոսը ս. Գրիգոր Լուսավորչի աջով օրհնում է նոր մեռոնը
Ս. Էջմիածնի Մայրավանք. 8 սեպտեմբերի, 1996 թ.
Աղբյուր՝ Նազիկ Խանջյան, Սիրանուշ Գալստյան, Հայ Եկեղեցու սրբալույս մեռոնը.
«Հայաստան», Երևան, 2001
Մեռոնը պահվում է հատուկ անոթներում, որոնց ներքին պատերը պետք է արծաթապատ լինեն: Գոյություն ունեն մեռոնօրհնության հսկայական կաթսաներ, մեռոնը տարբեր վայրեր առաքելու և պահելու համար ստեղծված սափորներ, ինչպես նաև՝
մկրտության և
դրոշմի կամ
ձեռնադրության և
օծման ժամանակ այն ցողելու համար պատրաստված հատուկ սրվակներ: Վերջիններս հաճախ աղավնակերպ են լինում և կոչվում են մեռոնաթափ աղավնի կամ պարզապես
աղավնի: Առհասարակ աղավնին, լինելով
Սուրբ Հոգու խարհրդանիշը, մեռոնի սպասքի հարդարանքի գլխավոր պատկերն է:
Մեռոնի հսկայական հոգևոր արժեքը գիտակցելով՝ նրա համար ստեղծվող անոթները մեծ խանդաղատանքով են հարդարվում, ուստի և հաճախ հանդես են գալիս իբրև եկեղեցական արվեստի սքանչելի նմուշներ:
Մեռոնի սափոր
1815 թ., Բաբելոն: Ս. Էջմիածնի գանձատուն