ՄԵԼՔԻՍԵԴԵԿ
id341Թարգմանվում է «թագավոր
արդարության», «թագավոր Սաղեմի՝ խաղաղության»: Ըստ
Սուրբ Գրքի՝ Մելքիսեդեկը բարձրյալ
Աստծո քահանան էր, որ ընդառաջ ելավ
Աբրահամին, երբ վերջինս վերադառնում էր ճակատամարտից, և
օրհնեց նրան: Իսկ
Աբրահամը իր գրաված ավարից
տասանորդ տվեց Մելքիսեդեկին [տե՛ս
Ծն. 14.18-20]:
Մելքիսեդեկի ծագման և վախճանի մասին ոչինչ չի ասված: Նա անհայր ու անմայր էր, առանց ազգատոհմի, ո՛չ օրերի սկիզբ ուներ և ո՛չ կյանքի վախճան. այսպես է նրան ներկայացնում
Աստվածաշունչ Մատյանը [տե՛ս
Եբր. 7.1-3]:
Մելքիսեդեկ
Երևան, ձեռ. 7361, էջ 38ա, Հայսմավուրք, XV դ., Տաթև
Այս առեղծվածային այրը, որն անվերապահորեն առավել էր, քան
Աբրահամը (քանզի նվաստն է բարձրից
օրհնություն ստանում և նրան
տասանորդ տալիս), որ առաջին
քահանայապետից՝
Ահարոնից շուրջ 600 տարի առաջ բարձրյալ
Աստծո քահանան էր, նախօրինակն է
Քրիստոսի:
Դավիթ թագավորն իր
մարգարեական սաղմոսներից մեկում, դիմելով գալիք
Մեսիային, ասում է. «Դու հավիտյան Քահանա ես՝ ըստ Մելքիսեդեկի կարգի» [
Սաղմ. 109.4]:
Քրիստոս պիտի գար՝ հաստատելու Իր
քահանայությունը, որը պետք է լիներ ոչ թե ըստ
Ահարոնի կարգի՝ ըստ հին
օրենքի, այլ՝ ըստ Մելքիսեդեկի կարգի. այսինքն՝ անսկիզբ և անվախճան, ոչ թե ըստ ժառանգության, այլ ըստ հավիտենական կյանքի զորության, որ երաշխավորում է Իր միջոցով
Աստծուն մերձեցողների
փրկությունը: Քանզի ինչպես որ «Մելքիսեդեկ» նշանակում է
արդարության թագավոր, այդպես էլ Հիսուս
Քրիստոս Իր
արդարությամբ մեզ արդարացրեց ու
փրկեց՝ հաստատելով մեր մեջ Իր հավիտենական թագավորությունը: Եվ ինչպես որ Մելքիսեդեկ նշանակում է խաղաղության թագավոր, այդպես էլ
Քրիստոս խաղաղություն հաստատեց
երկնքի ու երկրի միջև՝
Աստծուն հաշտեցնելով մարդկանց հետ:
Մելքիսեդեկը հաց ու գինի մատուցեց
Աբրահամին՝ ընդառաջ գնալով նրան: Այսպես և մեր Տերը, ընդառաջ գալով մեր տկարությանը, Իր սուրբ մարմինն ու արյունը հացով և գինով տվեց մեզ՝
Աբրահամի զավակներիս հավիտենական կյանք պարգևելու համար:
Մելքիսեդեկը անհայր ու անմայր կոչվեց: Այդպես էլ
Քրիստոս անմայր է Իր աստվածային, հավիտենական ծննդյամբ Հորից, և անհայր՝ Իր մարդկային, ժամանակավոր
ծննդով սուրբ Կույսից. ճշմարիտ
Աստված և ճշմարիտ մարդ: Քանզի միայն այսպիսին կարող էր իսկական միջնորդ և հաշտարար լինել
Աստծո և մարդկանց միջև: