SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆ
id335Մարգարեանալ նշանակում է կանխատեսել և վաղօրոք հայտնել ապագան, ինչպես նաև որևէ ծածուկ, անհայտ իրողություն: Մարգարեության շնորհ ունեցողները հնուց ի վեր Աստծո կողմից առաքվում էին առանձին մարդկանց կամ ժողովուրդների՝ հանդիմանելու և նախազգուշացնելու համար: Մարգարեության միջոցով Աստված կանխահայտնում է ապագա կարևոր իրադարձությունները՝ մարդկությանը դրանց նախապատրաստելու նպատակով: Հին ուխտի մարգարեները հանդես են եկել բազմաթիվ կանխասացություններով Մեսիայի՝ Հիսուս Քրիստոսի առաջին և երկրորդ գալուստների, Նրա հավիտենական թագավորության հաստատման մասին: Ինքը Հիսուս Քրիստոս մատնացույց էր անում այդ կանխասացությունները՝ իբրև Իր առաքելությունը հաստատող աղբյուրներ [տե՛ս Հովհ. 5.39]:

Մարգարեների կանխագուշակումը
Երևան, ձեռ. 206, էջ 258բ, Աստվածաշունչ, 1318 թ., Գլաձոր
Ծաղկող՝ Թորոս Տարոնացի

Մարգարեական շնորհով էին օժտված Քրիստոսի առաքյալները, որոնց համար այն հզոր միջոց էր արդյունավոր քարոզչության համար: Իսկ Հովհաննես առաքյալի Հայտնության գիրքը աշխարհի վախճանին և ահեղ դատաստանին վերաբերող իրադարձությունների մարգարեական կանխահայտնումն է:
Աստծո կամքով մարգարեության շնորհ կարող է ունենալ յուրաքանչյուր հավատացյալ: Քրիստոնեության վաղ շրջանում այդ շնորհը հաճախադեպ երևույթ է եղել:
Մարգարեությունները լինում են տարբեր բնույթի. երբեմն դրանք տրվում են տեսիլքով, երբեմն էլ՝ ձայնով, ինչպես նաև ներքին ոգեշնչմամբ, որը մղում է գրավոր կամ բանավոր կերպով արտահայտել Տիրոջ կամքը: Բոլոր դեպքերում էլ, մարգարեացողը խորապես համոզված է, որ իր միջով գործում է Ինքն Աստված առանց բռնադատելու իր կամքի ազատությունը: Այդ համոզմունքը հետևանքն է նրա խորհրդավոր աստվածմերձության, որը նրա կյանքի իմաստն ու նպատակն է: Այս պատճառով բոլոր մարգարեությունները հիմնականում տրվել և տրվում են Աստծո հավատարիմ ծառաներին:
 
sacredtradition.am