ՄԱՏԱՂ
id333Բարեպաշտական արարողություն է, որն այսօր կիրառվում է միայն հայերի, ասորիների և Պաղեստինի մի շարք արաբ
քրիստոնյա ժողովուրդների կողմից:
«Մատաղ» նշանակում է «նուրբ», «թարմ», «մատղաշ», ինչով էլ պայմանավորված է բառի կրոնա-արարողական կիրառությունը, քանզի հնում
պատարագին կամ
եկեղեցական տոնախմբությանը հաջորդող
ագապեի՝
սիրո ճաշկերույթի, ինչպես նաև ննջեցյալների հիշատակին տրվող հոգեհացի համար սովորաբար մատաղ, այսինքն՝ երիտասարդ հորթ կամ գառ էին մորթում:
Բացի այդ՝ կարևորվել է նախքան կենդանուն մորթելը նրան
օրհնված աղով կերակրելը: Այստեղից էլ արտահայտության մյուս՝
ծիսական ստուգաբանությունն է՝ գրաբարյան «մատո՛ աղ», այսինքն՝ «աղ մատուցիր» իմաստով, քանզի նախապես աղը պետք է մատուցվի
քահանային՝
օրհնելու համար: Հնում
քահանան, աղից բացի, հատուկ կարգով օրհնում էր նաև մատաղի սեղանը: Նոր ժամանակներում այդ կարգը հիմնականում անտեսվել է, և
քահանայի՝ մատաղի հետ կապված ողջ պարտականությունը սահմանափակվում է միայն աղն
օրհնելով, իսկ մնացածը տնօրինում են հավատացյալները:
Վերջին հանգամանքը, բնականաբար, նպաստել է, որ մատաղի սովորույթը բազմաբնույթ ժողովրդական դրսևորումներ ստանա: Ոմանց համար այն ուղղակի հաջորդում է
մկրտությանը կամ այլ նշանակալից իրադարձության՝ իբրև օրհնված և նվիրական հացկերույթ: Ոմանք այդ ուտեստից պարտադիր կերպով մաս են հանում մերձավորներին, հարևաններին ու աղքատներին: Ոմանց համար էլ մատաղը առ
Աստված գոհության յուրահատուկ արտահայտություն է՝ կապված որևէ փորձանքից ազատվելու կամ բախտորոշ իրադարձության հետ: Երբեմն ծանր իրավիճակում հավատացյալը, ուժգնացնելով Տիրոջն ուղղած իր պաղատանքը,
ուխտում է խնդրի բարեհաջող լուծման դեպքում մատաղով արտահայտել իր երախտագիտությունը: Նման
ուխտ անողը նախապես որոշակի զոհողության է գնում, քանի որ շատերի համար մատաղը ոչ փոքր ծախս է հանդիսանում: Թերևս այս է պատճառը, որ ոմանք մատաղն իբրև
զոհաբերություն են ընկալում, ինչը հատկապես անարգել զարգացում է ստացել խորհրդային տիրապետության շրջանում՝ կրոնական գիտելիքի բացակայության և կղերականների թողտվության պայմաններում: Արդյունքում ոմանց համար մատաղի հնավանդ
խորհուրդը սիրո նվիրական հացկերույթից և
ողորմածության կամ առ
Աստված երախտագիտության դրսևորում լինելուց վերածվել է յուրահատուկ ժողովրդական
ծեսի՝ մորթվող կենդանուն
քավչական դերի վերագրմամբ և մինչև իսկ նրա արյունը մարդու ճակատին խաչաձև քսելու սովորույթով: Ներկայիս՝ հետխորհրդային շրջանում
Հայ Եկեղեցու քահանաները նման ինքնահնար դրսևրումներն արգելող խրատով են հանդես գալիս հենց մատաղի աղի
օրհնության ժամանակ: