ՂԱԶԱՐՈՍԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ
id313Քրիստոսի գործած հրաշքներից մեկը, որն առանձնապես փառավորեց Նրա անունը չարչարանքներից առաջ, Ղազարոսի
հարությունն էր:
Բեթանիա քաղաքում ապրում էր մի ընտանիք, որի անդամները՝ Ղազարոսը և նրա քույրեր Մարթան ու Մարիամը, Տիրոջ ուսմունքի հետևորդներն էին: Հիսուսը շատ էր սիրում նրանց, նրանք էլ փոխադարձ ջերմագին սիրով կապված էին
Փրկչի հետ: Մարթան միշտ սիրով սպասավորում էր սեղանը, իսկ Մարիամը սիրում էր նստել Տիրոջ ոտքերի մոտ և ունկնդրել Նրա խոսքերը:
Մի օր Ղազարոսը ծանր հիվանդացավ: Իրենց եղբոր կյանքի համար տագնապելով՝ քույրերն այդ մասին տեղեկացրին Հիսուսին: Նա պատասխանեց. «Այդ հիվանդությունը մահաբեր չէ, այլ Աստծո փառքի համար է, որպեսզի դրանով փառավորվի Աստծո Որդին»: Երկու օր անց Հիսուսն Իր աշակերտների հետ գնաց Բեթանիա: Ղազարոսն արդեն մահացել էր: Մարթան, ընդառաջ ելնելով Հիսուսին, ասաց. «Տե՛ր, եթե այստեղ լինեիր, եղբայրս մեռած չէր լինի: Բայց հիմա էլ գիտեմ, որ ինչ էլ խնդրես Աստծուց, Քեզ կտա»: Հիսուսը նրան ասաց. «Քո եղբայրը հարություն կառնի»: Մարթան պատասխանեց. «Գիտեմ, որ հարության ժամանակ, վերջին օրը, հարություն կառնի»: Նա նկատի ուներ
համընդհանուր հարությունը, մինչդեռ Տերը խոսում էր ներկայի մասին: Եվ Նա ասաց. «Ես իսկ եմ հարությունը և կյանքը. ով հավատում է Ինձ, թեպետ և մեռնի, կկենդանանա»: Եվ գերեզման գնալով՝ Հիսուսը պատվիրեց բացել մուտքը: Մարթան վախենում էր, որ դիակն արդեն հոտած կլինի, քանի որ չորրորդ օրն էր մահվանից ի վեր: Այդժամ Հիսուսը բարձր ձայնով աղաղակեց ու հրամայեց. «Ղազարո՛ս, վե՛ր կաց, դո՛ւրս արի»: Եվ Ղազարոսը հարություն առավ [տե՛ս
Հովհ. 11.1-44]:
Ղազարոսի հարությունը
Երևան, ձեռ. 10675, էջ 284բ, Մալաթիայի Ավետարան, 1267-1268 թթ.
Ծաղկող՝ Թորոս Ռոսլին
Այս հրաշքի լուրն արագորեն տարածվեց հրեաների մեջ, և երբ Տերը մտնում էր
Երուսաղեմ, ժողովուրդը Նրան դիմավորում էր ցնծագին աղաղակներով (տե՛ս
Ծաղկազարդ):
Չորս օրվա մեռյալին
հարություն տալով՝
Քրիստոս ցույց տվեց Իր լիակատար իշխանությունը
մահվան վրա: Եվ Նա այդ կատարեց Իր չարչարանքներից և
խաչելությունից անմիջապես առաջ, որպեսզի մարդիկ հասկանան, որ Ինքը կամավոր է կրում դրանք՝ հանուն մեր
փրկության, որ Իր
մահը խաչի վրա ոչ թե Իր տկարությունն է, այլ հաղթանակը
չարի և
մահվան հանդեպ, և որ, վերջապես, Ինքն էլ
հարություն պիտի առնի:
Ղազարոսի
հարության հիշատակը
Եկեղեցին տոնում է
Ծաղկազարդին նախորդող շաբաթ օրը: