ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԿԱՎԱԳ (1045-1129)
id300Հայ Եկեղեցու այս ականավոր ներկայացուցիչը, որին ս.
Ներսես Լամբրոնացին անվանում է երկրորդ Ոսկեբերան, ծնվել է Արցախի Փառիսոս գավառում՝
քահանայի ընտանիքում: Նախնական կրթությունը ստանալով
Հաղպատի վանքում՝ Հովհաննեսը սկզբից ևեթ աչքի է ընկել վառ ունակություններով և մեծագույն աշխատասիրությամբ:
Շատ երիտասարդ տարիքում նա
ձեռնադրվել է
սարկավագ (այստեղից էլ՝ մականունը), ապա
քահանա օծվելով՝ դարձել
Անիի Մայր տաճարի ավագերեցը և ղեկավարել իր իսկ հիմնած բարձրագույն դպրոցը: Հետագայում գլխավորել է նաև Հաղպատի դպրոցը:
Հովհաննես Սարկավագը գրել է բազմաթիվ
աղոթքներ,
շարականներ, տաղեր, ներբողներ, սրբագրել և բազմացրել է Սաղմոսարանը, զբաղվել հայկական
օրացույցի կարգավորման հարցերով: Եղել է իր ժամանակի երևելի երաժշտագետներից մեկը: Հայ
վարդապետի համբավը տարածվել է Հայաստանի սահմաններից դուրս: Պատմում են, որ վրաց Դավիթ թագավորը, որը սիրում ու հարգում էր նրան, հանդիպելիս իջնում էր գահից և գլուխը խոնարհելով՝ խնդրում նրա
օրհնությունը:
Վախճանվել է
Հաղպատի վանքում, որտեղ իբրև սրբակյաց
ճգնավոր անցկացրել է իր կյանքի վերջին տարիները: