ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԶՆԿԱՑԻ (1230-1293)
id298Հայ նշանավոր
վարդապետ և մատենագիր Հովհաննես Երզնկացին, որը ծագումով իշխանական տոհմից էր, ծնվել է Եկեղյաց գավառում՝ հավանաբար Երզնկա քաղաքում: Սկզբնական կրթությունը ստացել է Երզնկայի դպրատներում, այնուհետև աշակերտել է ժամանակի նշանավոր
վարդապետ Վարդան Արևելցուն: Դեռևս իր կենդանության օրոք նա մեծ համբավ է վայելել և ժամանակակիցների կողմից մեծարվել «առաքելաշնորհ», «բանիբուն և աշխարհալոյս
վարդապետ», «սուրբ և իմաստուն», «յոգնիմաստ հռետոր» մակդիրներով:
Հովհաննես Երզնկացի և Ապլոց իշխան
Երևան, ձեռ. 7046, էջ 196բ, Ժողովածու, 1644 թ., Հալեպ
Նա
վարդապետ է դարձել 1268-ին, այնուհետև մոտ 10 տարի
քարոզելով շրջել է Հայաստանում, Կիլիկիայում,
Երուսաղեմում և այլուր:
Գրել է բազմաթիվ
դավանաբանական և խրատական գործեր,
կանոններ ու ներբողներ: Նա մեծ նպաստ է բերել նաև ազգապահպանման և հայոց պետականության ամրապնդման գործին: Այս ամենի հետ մեկտեղ սեփական միջոցներով Երզնկացին բարեկարգել է
վանքեր ու
անապատներ, կառուցել դպրոցներ, ստեղծել է գրադարաններ և զբաղվել ձեռագրերի կրկնօրինակմամբ:
Հովհաննես Երզնկացին նաև նշանավոր քերական էր, մանկավարժ ու բանաստեղծ: Ուներ գեղեցիկ ձայն և կատարողական շնորհք: Նա կարևոր ավանդ է մուծել հայ հոգևոր երաժշտության զարգացման մեջ: Մեզ են հասել նրա
շարականները՝ նվիրված ս.
Գրիգոր Նարեկացու և ս.
Ներսես Մեծի հիշատակներին:
Վախճանվել է Կիլիկիայում՝ Ակների
վանքում: Հետագայում նրա
մասունքները փոխադրվել են Երզնկա և թաղվել Ս. Նշան
եկեղեցու առաջնորդական
աթոռի տակ: Նրա շիրիմը դարձել է սրբատեղի: