ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՌՆԵՑԻ (XII-XIII դդ.)
id297Հովհաննես Գառնեցին միջնադարի հայ համբավաշատ
վանականներից է:
Ծնվել է Գառնի գյուղաքաղաքում: Դեռևս վաղ հասակից անձնատուր է լինում խիստ
ճգնությունների և դառնում իր ծննդավայրի մերձակա
Այրիվանքի միաբան:
Կուսակրոն քահանա ձեռնադրվելուց հետո Հովհաննեսը մեծ աշխուժություն է ցուցաբերում՝ շրջելով տեղից տեղ և լուսավորելով հանդիպած մարդկանց: Ժամանակակիցների վկայությամբ՝ նրան տրվել է բժշկության և հրաշագործության բացառիկ
շնորհ, որով նա
դարձի էր բերում և
մկրտում շատ այլազգիների: Օժտված լինելով մեծ
խոնարհությամբ՝ իր հետ կատարված հրաշքների մասին նա հաճախ պատմում էր երրորդ դեմքով: Սակայն անհնար էր խուսափել այն մեծ հռչակից, որ տարածվեց ողջ Հայաստանում տակավին Գառնեցու կենդանության օրոք: Նրան խորապես հարգում և սիրում էր ժամանակի մեծանուն
վարդապետ Վարդան Արևելցին և հաճախ ուրիշներին պատմում էր նրա մասին:
Երբ Գառնեցին այցելեց Հռոմկլա, մեծ պատվով ընդունվեց Կոստանդին Բարձրբերդցի
կաթողիկոսի (1221-1267) կողմից, և վերջինս նրան ստիպեց մնալ իր մոտ ու այլևս չհեռանալ
կաթողիկոսանիստ ամրոցից: Այդտեղ էլ սուրբը կնքեց իր մահկանացուն:
Գառնեցին թողել է արժեքավոր գրական ժառանգություն՝
աղոթքներ,
տեսիլքներ, խրատներ, որոնք շնչում են ճգնասիրության և
բարեպաշտության հոգով: