SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (ՎԱՐԴԱՎԱՌ)
id025Իր խաչելությունից առաջ Թաբոր լեռան վրա Քրիստոս Իր երեք աշակերտների՝ Պետրոսի, Հովհաննեսի և Հակոբոսի ներկայությամբ լուսավոր ու պայծառ կերպարանք ստացավ [տե՛ս Մատթ. 17.1-2]: Այս պատճառով Տիրոջ այս կարևորագույն տնօրինության հիշատակին հաստատված տոնը կոչվում է Պայծառակերպություն:
Ավետարանիչները պատմում են, որ այդ ժամանակ Քրիստոսի երկու կողմերում հայտնվեցին Մովսեսն ու Եղիան և զրուցում էին Նրա հետ: Այս սքանչելի իրադարձության մեջ Եկեղեցու վարդապետները տեսնում են ողջ մարդկության վերջնական փոխակերպման և պայծառացման կենդանի խորհրդանիշը:

Պայծառակերպություն
Երևան, ձեռ. 197, էջ 132բ, Ավետարան, 1287 թ.

Ինչպես այն ժամանակ աշակերտները, այնպես էլ այժմ Եկեղեցին Պայծառակերպության տոնին սքանչանում է Քրիստոսի փառքով՝ հիշելով, որ Նրան փառակից են լինելու Իր հավատարիմ ծառաները, որոնք պիտի պայծառակերպվեն երկնքի արքայության մեջ և հավիտենապես զմայլվեն Սուրբ Երրորդությունից ճառագող անճառելի լույսով:
Հայ Եկեղեցին Պայծառակերպությունը տոնում է Հոգեգալստին հաջորդող 7-րդ կիրակի օրը: Այն 5 գլխավոր՝ տաղավար տոներից է և տևում է 3 օր՝ ներառելով հաջորդող երկուշաբթին և երեքշաբթին:
Տոնը մեկ այլ անվանում էլ ունի՝ Վարդավառ, քանի որ ս. Գրիգոր Լուսավորչի հրամանով հաստատվել է համանուն հեթանոսական տոնի փոխարեն: Այդ է պատճառը, որ Պայծառակերպության տոնին ժողովրդի մեջ հանդիպում են հեթանոսական տոների վերապրուկներ, ինչպես օրինակ՝ վարդերով զարդարվելը, միմյանց վրա ջուր հեղելը և այլն:
 
sacredtradition.am