ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԸՆԹՐԻՔ
id237Այսպես է կոչվում
Քրիստոսի վերջին ընթրիքը, որ եղավ
Երուսաղեմի վերնատանը աշակերտների հետ՝ Իր չարչարանքներից առաջ: Այն
խորհրդավոր է կոչվում, որովհետև այս ընթրիքին Տերը հաստատեց ս.
հաղորդության խորհուրդը: Երբ ընթրում էին,
Քրիստոս վերցրեց հացը,
օրհնեց և այն բաժանեց աշակերտներին՝ ասելով. «Առե՛ք, կերե՛ք, այս է Իմ մարմինը»: Այնուհետև վերցրեց գինով լի բաժակը, գոհություն հայտնեց և տվեց նրանց՝ ասելով. «Խմե՛ք դրանից բոլորդ. այս է նոր ուխտի Իմ արյունը, որ հեղվում է շատերի վրա մեղքերի թողության համար» [
Մատթ. 26.26-28]: Հետագայում այս բառերը կրկնում էին
առաքյալները ագապեների ժամանակ՝ Տիրոջ ընթրիքի մասնակիցներին բաժանելով սրբագործված հացն ու գինին՝
Քրիստոսի փրկարար մարմինը և արյունը:
Խորհրդավոր ընթրիք
Երուսաղեմ, ձեռ. 2563, էջ 166ա, Կեռան թագուհու Ավետարան, 1272 թ.
Խորհրդավոր ընթրիքին
հաղորդության խորհուրդը սահմանելուց առաջ Տերը լվաց Իր աշակերտների ոտքերը՝ դրանով ցույց տալով Իր անսահման
խոնարհությունը և հորդորելով աշակերտներին այդպես
խոնարհ լինել միմյանց առջև:
Նախքան ս.
հաղորդությունը Նա հայտնեց նաև, որ իրենց մեջ է գտնվում Իր մատնիչը: Եվ երբ
Հուդան դուրս եկավ՝ կատարելու իր մատնությունը,
Քրիստոս ասաց. «Այժմ Մարդու Որդին փառավորվեց» [
Հովհ. 13.31]: Նա այսպես էր կոչում Իր չարչարանքներն ու
մահը, քանի որ դրանով պիտի մեզ
փրկություն պարգևեր և հաղորդ դարձներ Իր
երկնային փառքին: