SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԽՈՐՀՐԴԱՆԻՇ
id235Խորհրդանիշ է կոչվում այնպիսի պատկերը, հակիրճ խոսքը կամ գործողությունը, որն այլաբանորեն արտահայտում է որոշակի և ամբողջական գաղափար, խորհուրդ: Յուրաքանչյուր խորհրդանիշի ծագումը և կիրառումը պայմանավորված է որևէ գաղափարի կամ սկզբունքի հատուկ արժևորմամբ և այն կարևորելու միտումով: Այս պատճառով շատ խորհրդանիշներ հաճախ մեկնաբանության կարիք են ունենում:
Մարդկային ողջ քաղաքակրթությունը լի է բազմաթիվ խորհրդանիշներով, որոնք վերաբերում են քաղաքական, հասարակական կամ մշակութային կառույցներին, սակայն խորհրդանիշներն առատ են հատկապես կրոններում:
Սուրբ Գիրքը և ողջ քրիստոնեական ավանդությունը խիստ հարուստ է խորհրդանիշներով, որոնք հանդես են գալիս իբրև Աստվածորդու տնօրինություններով մարդկությանը շնորհված երկնային խորհուրդների սեղմ արտահայտչաձևեր:
Ինչպես քրիստոնեական եկեղեցի-տաճարը և առհասարակ քրիստոնեական արվեստը, այնպես էլ եկեղեցական աստվածպաշտությունը և ծիսակարգը խորհրդանիշների մի ամբողջ համակարգ է՝ արտահայտված թե՛ խոսքով, թե՛ ձայնեղանակներով, թե՛ պատկերակիր առարկաներով, թե՛ խորհրդավոր գործողություններով, որոնք խտացված կերպով ներկայացնում են քրիստոնեական աստվածաբանությունը և փրկության ճանապարհը:
Քրիստոնյայի կյանքում խորհրդանիշը հաճախ հանդես է գալիս ոչ միայն իբրև որոշակի իմաստ հիշեցնող պաշտամունքային ձև ու նշան, այլև՝ որպես հավատով ընկալվող երկնային օժանդակություն և խորհրդական զորություն, սրբության և աստվածային ներկայության միջոց, ինչպիսին է, օրինակ, խաչը՝ այս մեծագույն համաքրիստոնեական խորհրդանիշը:
 
sacredtradition.am