SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԽՆԿԱՐԿՈՒԹՅՈՒՆ
id2251. Խնկարկելը կամ խունկ ծխելը հնագույն կրոնական ավանդույթ է: Ծիսական արարողությունների ժամանակ ողջ եկեղեցու մթնոլորտը բուրում է խունկի անուշահոտությամբ, որն առավել երանավետ է դարձնում մեր ներկայությունն Աստծո առջև:
Արարողության ընթացքում սարկավագը և քահանան խնկարկում են սրբապատկերների, ս. սեղանի և ս. հաղորդության նշխարի առջև: Խնկանոցներից և բուրվառներից վեր ելնող խունկի ծուխը խորհրդանշում է քրիստոնյայի սրտից բխող և առ Աստված բարձրացող աղոթքն ու օրհնությունը, որն անուշահոտ խունկի պես զվարթացնում է երկնայիններին և Աստծուն:
Խունկի ծուխը խորհրդանշում է նաև Աստծո հաշտությունը մարդկանց հետ, որ կատարվեց Քրիստոսի միջոցով և հոգևոր անուշահոտությամբ սփռվում է Նրա Եկեղեցում:

Խնկարկություն. տեսարան Ծաղկազարդի պատարագից
Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի. 9 ապրիլի, 2006 թ.
Լուսանկար՝ Սերգեյ Հակոբյանի

Խնկարկությունը խորհրդական իրողություն է. քանի որ խունկը նախապես օրհնվում է քահանայի կողմից, խնկարկվող միջավայրը ևս օրհնվում է ու սրբվում: Եվ այդտեղ շնչելով՝ ոչ միայն մեր զգայարաններն են զմայլվում խունկի անուշահոտությամբ, այլև մեր հոգին՝ ընդունելով Սուրբ Հոգու շնորհի երանությունը: Այս պատճառով ծեսի ընթացքում պարբերաբար խնկարկվում է նաև հավատացյալ ժողովուրդը: Այդ պահերին բոլորը խաչակնքում են ու երկրպագում խնկարկության ծխի առջև՝ իբրև Աստծո Հոգու ներկայության:


2. Խնկարկություն է կոչվում պատարագի արարողության մի ամբողջ մաս, որի ընթացքում քահանան սեղանի շուրջ խնկարկելուց հետո իջնում է խորանից, թափորի ուղեկցությամբ խնկարկելով շրջում է ժողովրդի մեջ և վերադառնում խորան՝ խորհրդանշելով Քրիստոսի իջնելը երկնքից, շրջելը մարդկանց մեջ ու երկինք վերադառնալը:


 
sacredtradition.am