id2181. Սովորաբար այսպես է կոչվում այն խաչը, որի վրա Քրիստոս կատարեց Իր փրկականտնօրինությունը:
Խաչափայտը, իր վրա կրելով Աստծո Որդուն և ներկվելով Նրա սուրբ արյամբ, արդարև սրբագործվեց: Ուստի և այն չէր կարող ծածկվել հավատացյալներից, թեև իբրև մահապատժի գործիք երկար տարիներ անխնամ թաղված էր Գողգոթայում: Աստվածային նախախնամությամբՔրիստոսի խաչափայտն ի վերջո գտնվեց և բազմիցս բացահայտեց իր սրբությունն ու զորությունը՝ շատերի համար դարձի և փրկության առիթ դառնալով:
Ըստ ս. հայրերին տրված հայտնության՝ աշխարհի վախճանին՝ Քրիստոսի երկրորդ գալստյանը, խաչափայտը երևալու է երկնքում՝ արեգակնափայլ ճառագայթներով փառավորվելով ողջ աշխարհի առջև:
2. Խաչափայտ կամ կենաց փայտ է կոչվում նաև Տիրոջ խաչափայտի մասունքը, որն ամփոփվում է հատուկ զարդարված ճաճանչավոր տուփի մեջ: Այն դրվում է ս. սեղանի վրա, իսկ որոշ տոնական օրերի՝ թափորի հետ դուրս է բերվում օրհնության և հավատացյալների երկրպագության համար: