SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԽԱՉ
id216Խաչը հնուց ի վեր մահվան գործիք է համարվել: Խաչափայտից կախում էին ամենաանարգ հանցագործներին: Ավելին՝ ըստ Սուրբ Գրքի, անիծյալ էր համարվում նա, ում խաչում էին: Հրեաները խաչի մահվանն արժանի հանցանք էին վերագրում Իրեն Աստծո Որդի անվանող Հիսուս Քրիստոսին, քանի որ չէին հավատում, որ Նա է սպասված Մեսիան:
Սակայն Աստծո Որդին, խաչի մահվան մատնվելով, իրականացրեց մարդկության փրկագործության մեծագույն խորհուրդը: Ինչպես ասում է Պողոս առաքյալը, Քրիստոս, աշխարհի մեղքն Իր վրա վերցնելով, «անեծք դարձավ մեզ համար» [Գաղ. 3.13], վճարեց ողջ մարդկության մեղքերի փոխարեն և ապա հարություն առնելով՝ մեզ հարություն տվեց մեղքի մահից: Եվ ամեն ոք, ով հավատում է, որ Հիսուս Քրիստոս Աստծո Միածին Որդին է, և մկրտվում է Նրա անվամբ, ազատագրվում է մեղքից ու նրա պատժից: Այս պատճառով Քրիստոսի մահվան գործիքը՝ խաչափայտը, որի վրա Նա իրագործեց մեր փրկությունը, և առհասարակ խաչի նշանը, Եկեղեցին պաշտում է ու երկրպագում:
Խաչը կոչվում է կենաց ծառ, որի պտուղն է Քրիստոսի մարմինն ու արյունը՝ ս. հաղորդությունը, որ անմահ կյանք է պարգևում մեզ:
Խաչը խորհրդանշում է մեր փրկությունը. նրա վերին կողմը ցույց է տալիս երկնքի արքայությունը, որը Քրիստոս բացեց մեզ համար. ստորին կողմը՝ դժոխքի ավերումը, որով Աստվածորդին փրկեց մեռածների հոգիները. աջ կողմը՝ շնորհների բաշխումը, որով Սուրբ Հոգին կենդանացնում և լուսավորում է մեզ. իսկ ձախը՝ մեղքերի թողությունը, որ ստանում ենք ապաշխարությամբ:
Խաչը նաև մեծ պահպանություն է յուրաքանչյուր հավատացյալի համար, որովհետև դևերը վախենում են նրանից:
Որպես փրկության խորհրդանիշ՝ ամենուր, որտեղ իրագործվում է քրիստոնեական աստվածպաշտությունը, առկա է խաչը՝ պատկերվելով կամ, իբրև առաձին առարկա, զետեղվելով եկեղեցու շեմքին և դռներին, պատերին և սյուներին, եկեղեցական կայքի և սպասքի, գրքերի կազմերի և հոգևորականների զգեստների վրա:
Գոյություն ունեն տարբեր կիրառության խաչեր, որոնք բոլորն էլ օրհնվում են՝ սկսած մկրտության փոքրիկ խաչից մինչև եկեղեցու գմբեթի հսկայական խաչը:


Սուրբ սեղանի խաչ
1750 թ., Վան, Վասպուրական: Ս. Էջմիածնի գանձատուն

Եկեղեցական սպասքում առանձնահատուկ կարևորություն ունի խորանի կամ սեղանի խաչը, որը մշտապես գտնվում է ս. սեղանի կենտրոնում՝ ի հիշատակ Քրիստոսի խաչելության: Շատ արարողություններում քահանայից անբաժան է ձեռաց խաչը, որով նա օրհնություն է տալիս, իսկ թափորին և անդաստանին առջևից ուղեկցում է խաչվառը, որին համբույրով հպվում են հավատացյալները:


Լանջախաչ
XX դ. սկիզբ, Սանկտ Պետերբուրգ: Ս. Էջմիածնի գանձատուն

Հոգևորականների հանդերձանքի մաս է կազմում լանջախաչը, որն իբրև հատուկ շքանշան շնորհվում է հայրապետի կողմից: Այն շղթայով կախվում է նրանց կրծքին՝ խորհրդանշելով Եկեղեցու սպասավորի սրտում հաստատված հավատն ու սերը Աստծո հանդեպ:
Խաչին նվիրված են բազմաթիվ ճառեր ու ներբողներ, աղոթքներ և շարականներ, որոնք երգվում են խաչի տոներին:

Խաչի պատկեր
Երևան, ձեռ. 7735, էջ 14, Սանասարյան Ավետարան, 986 թ.

Բազմաթիվ ձեռագրերում հանդիպում են խաչի գեղեցիկ զարդապատկերներ, որոնք յուրօրինակ պատկերավոր ձոն են՝ նվիրված խաչի խորհրդին:
Վերջապես՝ ամենուր մեզ հանդիպում է հնավանդ և նորօրյա խաչքարը՝ հայ քրիստոնեության և մշակույթի այս եզակի և հանրահայտ կոթողը:
 
sacredtradition.am