ԱՂԹԱՄԱՐԻ Ս. ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ
id020Կառուցել է Վասպուրականի Գագիկ I Արծրունի թագավորը Վանա լճի Աղթամար կղզում 915-920 թթ. (ճարտարապետ՝ Մանուել): Ունի քառախորան, կենտրոնագմբեթ հորինվածք: Գմբեթը նորոգվել է 1325 թ.: XIII-XIV դդ. եկեղեցուն հյուսիսից կցել են նախասրահ և մատուռ, 1763-ին՝ արևմուտքից քառասյուն գավիթ, XIX դ.՝ հարավից
զանգակատուն:
Աղթամարի Ս. Խաչ եկեղեցին Սիփան լեռան ֆոնի վրա
Լուսանկար՝ Զավեն Սարգսյանի
Աղթամարի Ս. Խաչ եկեղեցին նշանավոր է իր յուրահատուկ հարդարանքով. ներսից այն ամբողջովին
որմնանկարված է (X դ.), իսկ դրսից ճակատները պատված են Հին և Նոր Կտակարանների և աշխարհիկ թեմաներով պատկերաքանդակների հինգ գոտիներով: Բացառիկ է եկեղեցական ճարտարապետության մեջ այն գոտին, որում պատկերված են որսի, այգեմշակման, խնջույքի և այլ տեսարաններ: Արևմտյան ճակատին ողջ հասակով պատկերված Գագիկ արքայի բարձրաքանդակն է՝
եկեղեցու մանրակերտը ձեռքին: Աղթամարի Ս. Խաչ
եկեղեցին արվեստների համադրության լավագույն ստեղծագործությունն է հայկական ճարտարապետությունում:
Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու արևմտյան ճակատի հարթաքանդակ. երկու հրեշտակներ՝ խաչ-մեդալիոնը բռնած
Աղբյուր՝ © Ստեփան Մնացականյան, Աղթամար, Editions Erebouni, 1985
Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու արևելյան աբսիդի որմնանկար. Պողոս, Անդրեաս, Փիլիպպոս առաքյալներ
Աղբյուր՝ © Ստեփան Մնացականյան, Աղթամար, Editions Erebouni, 1985