SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՏԱՃԱՐ
id163Դավիթ թագավորը, երբ ուխտի տապանակը բերեց Երուսաղեմ, որոշեց քաղաքի հյուսիսային բարձունքում կառուցել Աստծո տաճարը: Թեև նա չհասցրեց այդ անել, սակայն բավականաչափ շինանյութ կուտակեց: Հետագայում արքայի մեծ իղձն իրականացրեց նրա սիրելի որդին՝ Սողոմոնը: Տաճարի շինարարությունը տևեց 7 տարի և 6 ամիս:
Սողոմոնի կառուցած տաճարը նման էր վկայության խորանին, բայց շատ ավելի մեծ էր: Այն բաղկացած էր բարձր պարիսպներով գոտեվորված արտաքին սրահից (բակից), սրբարանից և սրբություն սրբոցից: Սրբարանն ու սրբություն սրբոցը շրջապատված էին սենյակներով ու այլ շինություններով, իսկ սրբարանի մուտքին նախորդում էր ընդարձակ նախագավիթը: Սենյակների ներքին պատերն ու հատակը ամբողջովին ոսկով էին պատված ու երփներանգում էին ճրագների լույսի ներքո: Սրբություն սրբոցում գտնվում էին ձիթենու փայտից պատրաստված, ոսկեպատ երկու մեծ քերովբեներ՝ հսկայական թևերով, որոնց ներքո հանգչում էր ուխտի տապանակը: Սրբարանում խնկարկության սեղանի և առաջավորության հացի սեղանի հետ գտնվում էին 5 զույգ յոթաստեղնյան աշտանակներ: Իսկ արտաքին սրահում, տաճարի մուտքի առջև, տեղադրված էին մի մեծ պղնձե ողջակեզի սեղան, 10 պղնձե լվացարաններ և մի մեծ պղնձե ավազան՝ դրված 12 պղնձե եզների վրա:
Սողոմոնի կառուցած տաճարը կանգուն մնաց մինչև բաբելոնյան գերությունը, երբ Նաբուքոդոնոսոր արքան այն հիմնահատակ ավերեց:

Սողոմոնի կառուցած Երուսաղեմի Տտաճարի վերակազմությունը

Հետագայում տաճարը վերստին կառուցվեց Զորոբաբելի կողմից՝ գրեթե նույնությամբ կրկնելով Սողոմոնի տաճարի նախագիծն ու չափերը, չունենալով, սակայն, նրա շուքն ու գեղեցկությունը: Շատ հրեաներ ցավում էին դրա համար, բայց այն ժամանակվա մարգարեները՝ Անգեն և Զաքարիան, մխիթարում էին նրանց՝ ասելով, որ այս տաճարի փառքը կգերազանցի նախորդին, քանի որ այստեղ է գալու սպասվող աշխարհի Փրկիչը և տալու է Իր խաղաղությունը [տե՛ս Անգ. 2.10]:
Քրիստոսի աշխարհ գալուց մոտ 20 տարի առաջ Հերովդես Մեծ թագավորը, սնափառությունից դրդված, սկսել էր վերակառուցել Երուսաղեմի Տաճարը: Պահպանելով տաճարի հիմնական մասերի համաչափությունը՝ թագավորը բավականին մեծացրեց շինության չափերը և արտաքին տեսքն առավել ճոխացրեց: Իբրև նոր և կարևոր հավելում հանդես եկավ տաճարի շուրջ կառուցված ահռելի հարթակը՝ շրջապատված պարիսպներով և սյունասրահներով: Հատկանշական էր տաճարը շրջապատող տարածքի բաժանումը հեթանոսների, հրեա կանանց, տղամարդկանց և, վերջապես, քահանաների համար հատկացված առանձին գավիթների: Թեև Քրիստոսի քարոզչության ժամանակ բուն տաճարի և սրահների շինարարությունն արդեն ավարտված էր, սակայն տաճարի արտաքին շինությունների կառուցումը շարունակվեց մինչև 64 թ.:

Հերովդեսի վերակառուցած Երուսաղեմի Տաճարի մանրակերտը
Աղբյուր՝ Art & History of Jerusalem, © 1996 by Casa Editrice Bonechi

Ավետարանից մեզ հայտնի է, որ այս տաճարի առջև Քրիստոս մարգարեացավ նրա կործանման մասին, ինչն իրականացավ 70 թ.:
Երուսաղեմի Տաճարի վայրում VII դ. վերջում մահմեդական մզկիթ է կառուցվել, ուր առ այսօր արգելված է հրեաների և քրիստոնյաների մուտքը: Իսկ Տաճարի հնագույն հիմքի մնացորդն այժմ կոչվում է Արցունքի պատ և ուխտավայր ու աղոթատեղի է հրեաների համար:

Երուսաղեմի Տաճարի հնագույն հիմքի մնացորդը. Արցունքի պատը
Աղբյուր՝ Art & History of Jerusalem, © 1996 by Casa Editrice Bonechi

 
sacredtradition.am