SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԵՐԿՆՔԻ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆ
id160Երկնքի կամ Աստծո արքայություն է կոչվում այն կյանքը, որտեղ թագավորում է միայն բարին ու կատարյալը, որտեղ չկան տառապանք ու ցավ, հիվանդություն և մահ: Այս արքայության մոտալուտ գալստյան ավետիսով էր քարոզում ս. Հովհաննես Մկրտիչը՝ հորդորելով ապաշխարել դրան արժանանալու համար [տե՛ս Մատթ. 3.2]: Նույն ավետիսով սկսեց Իր քարոզը և Հիսուս Քրիստոս, երբ վերադարձավ անապատի փորձությունից [տե՛ս Մատթ. 4.17]:
Մարդկությունը շարունակ կարոտում է երկնքի արքայությունը, սակայն Քրիստոսին չհավատալու և չապաշխարելու պատճառով շատերը զուրկ են մնում նրանից, որովհետև փնտրում են այդ կյանքի շուտափույթ և տեսանելի հաստատումը երկրի վրա՝ բարեկեցության և խաղաղության տեսքով: Սակայն եթե այդ լիներ ամենակարևորը, ապա այդ կյանքը կկոչվեր ոչ թե երկնքի, այլ երկրի արքայություն:
Որպեսզի մարդիկ երկնքի արքայությունը չփնտրեն տեսանելի կերպով, Քրիստոս ասում էր. «Աստծո արքայությունը ներսում՝ ձեր մեջ է» [Ղուկ. 17.21]: Երբ մարդն իր ներսում՝ իր սրտում ապաշխարելով հաշտվում է Աստծո հետ, այնժամ լցվում է մեծ խաղաղությամբ ու երանությամբ, զգում, որ իր հոգին անմահ է, և գիտակցում է, որ եթե միշտ պատվիրանապահությամբ քայլի Աստծո առջև, կժառանգի երկնքի արքայությունը, որն արդեն իսկ վայելում է իր ներսում:
 
sacredtradition.am