ԴԱՐՁ
id127Ադամական մեղքից հետո մարդկանցից քչերն էին ապրում
աստվածպաշտությամբ: Նրանց մեծ մասը մոլորվեց, հեռացավ
Աստծուց և սկսեց կուռքեր պաշտել: Սակայն մարդուն տրված է առ
Աստված դառնալու հնարավորություն՝ ի տարբերություն
սատանայի, որն ըստ
վարդապետների անդարձ օձ է անվանվում:
Մոլորությունից դեպի
Աստված ետ դառնալը կոչվում է դարձ: Այն կատարվում է
զղջմամբ և նախկին աստվածամերժ կյանքից հրաժարվելով, ճշմարիտ
հավատի խոստովանությամբ,
մկրտությամբ և նոր՝
պատվիրանապահ կյանքով ապրելու խոստումով:
Դարձը յուրաքանչյուր մարդու և ժողովրդի կյանքում ամենամեծ իրադարձությունն է:
Սակայն դարձից հետո էլ մարդու
փրկությունը կարող է վտանգվել
մեղքերի պատճառով: Այդժամ անհրաժեշտ է կրկին դառնալ Տիրոջը,
ապաշխարությամբ մաքրվել
մեղքերից և ս.
հաղորդությամբ վերստին միավորվել Նրա հետ: Ուստի անհրաժեշտ է մշտապես քննել սեփական անձը և պարզել՝ արդյոք այն կրկին ետ չի՞ շրջվել
Աստծուց դեպի զանազան
մեղքերն ու մոլորությունները: Եվ երբ այդպիսի շեղումներ նկատվեն, պետք է վերստին դառնալ դեպի Նա և
աղոթել, ինչպես ս.
Եփրեմ Ասորին, ասելով.
«Անոխակա՛լ Տեր, մի՛ անտեսիր ինձ իմ բազում
չարիքների պատճառով, այլ դարձի՛ր դեպի ինձ, բոլոր ցանկություններս դարձրո՛ւ դեպի Քեզ և ինձ ողջ սրտով միայն Քե՛զ սիրել տուր»: