ԴԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ
id123Դավանել նշանակում է ընդունել որևէ ուսմունք,
հավատալ և խոստովանել այն: Ինչպիսին որ մարդու
հավատն է ու խոստովանությունը, այնպիսին էլ նրա դավանանքն է:
Քրիստոսին՝ որպես
Աստծո Որդու հավատացողի, Նրա միջոցով իր
փրկությունն ընդունողի դավանանքը կոչվում է քրիստոնեական դավանություն:
Առհասարակ, դավանությունը
հավատից տարբերվում է նրանով, որ
հավատը մարդու մեջ
շնորհով գործող աստվածային
առաքինություն է, որն ընդգրկում է նրա ողջ կյանքը. իսկ դավանությունը վերաբերում է միայն
հավատի տեսական կողմին և մշտական ուսումնասիրման առարկա է: Դավանության ուսումնասիրության ընթացքում կարող են ծագել անսպասելի հարցեր, անգամ տարակույսներ, որոնց պատասխանները կարող ենք գտնել ս. հայրերի դավանական գրքերում: Նման հարցերի շուրջ հաճախ գումարվել են
եկեղեցական ժողովներ, որոնք ս. հայրերի կողմից տրված որոշակի պարզաբանումներով ու բանաձևերով հստակություն են մտցրել դավանության մեջ:
Քրիստոնեական դավանանքի համառոտ բովանդակությունը զետեղված է
Հավատո հանգանակում: