ԴԱՆԻԵԼԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ
id121Դանիել մարգարեի միջոցով մարդկությանը տրված կարևորագույն
մարգարեություններից է աշխարհի
Փրկչի՝
Քրիստոսի գալստյան ժամկետին վերաբերող
հայտնությունը:
Մի անգամ, երբ
Դանիելն աղոթում էր
Աստծուն՝
խոստովանելով իր և իր ժողովրդի
մեղքերը և հայցում Նրա ողորմածությունը,
տեսիլքով նրան հայտնվեց
Գաբրիել հրեշտակապետը: Նա կանխահայտնեց, որ
Երուսաղեմի վերականգնումից մինչև
Քրիստոսի գալուստը կանցնի յոթանասուն յոթյակ, այսինքն՝ մոտ 490 տարի, ժողովուրդը հայրենիք կվերադառնա, կվերակառուցվեն շինությունները, և որ այդ ամենը կլինի դժվարին պայմաններում. այնուհետև
Քրիստոսին կմատնեն
մահվան, որից հետո քաղաքը և սրբավայրը կկործանվեն [տե՛ս
Դան. 9.1-27]:
Համաձայն այս
մարգարեության՝ երբ պարսից Կյուրոս արքան նվաճեց Բաբելոնը, հրեաները վերստացան իրենց ազատությունը, վերադարձան հայրենիք, վերականգնեցին
Երուսաղեմը և կառուցեցին
Երուսաղեմի երկրորդ Տաճարը: Սակայն իրենց հարևան ազգերից համեմատաբար թույլ լինելով՝ նրանք հաճախ էին ենթարկվում հարձակումների և շարունակ գտնվում էին հեթանոսների կողմից վերստին ստրկացվելու սպառնալիքի տակ: Այս դժվարին պայմաններում նրանք մխիթարվում էին Դանիելի
տեսիլքի միջոցով իրենց հայտնված
Մեսիայի մոտալուտ գալստյան ակնկալիքով:
Բայց հրեաներից շատերը սխալվում էին՝ կարծելով, թե
Մեսիան պիտի գա՝ հաստատելու երկրային թագավորություն, որտեղ իրենք իշխող կլինեն: Այդ պատճառով, երբ
Քրիստոս գալով՝ հրեաներին չխոստացավ այդպիսի արտոնություններ, նրանցից քչերը հավատացին, որ Նա է սպասված
Մեսիան: