SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԲԱՐԵՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ
id090Բարեպաշտությունը հնարավորին չափ ըստ ճշմարիտ հավատի և պատվիրանների ընթանալու և բոլոր առաքինությունների ու աստվածպաշտական կարգերի մեջ չթերանալու ձգտումն է: Մարդն առանց բարեպաշտության չի կարող նորոգվել ու սրբանալ, փրկվել և արդարանալ: Բարեպաշտությամբ են փայլել բոլոր սուրբ նահապետները և մարգարեները, առաքյալներն ու վարդապետները, ճգնավորներն ու մարտիրոսները: Բարեպաշտությամբ է քրիստոնյան հասունանում հոգով, մինչև հասնի «կատարյալ մարդու աստիճանին՝ ունենալով ճիշտ Քրիստոսի հասակի չափը» [Եփես. 4.13]:
Ճշմարիտ քրիստոնեական բարեպաշտությանը բնորոշ է Տիրոջ երկյուղը՝ իբրև հավատի կենդանության նշան: Այն չի թողնում զանց առնել պատվիրանները և սանձում է ինքնակամությունը: Ուստի բարեպաշտ անձանց նաև աստվածավախ են կոչում: Երկյուղը դրդում է խուսափել մեղքերից, իսկ մեղանչելու դեպքում՝ անմիջապես ապաշխարել: Այն նպաստում է հոգու արագ նորոգմանը և շնորհի առատացմանը, իսկ վերջինս մեծացնում է փրկության հույսը՝ մղելով առաքինության գործերի առավելացման: Այդժամ մարդն աղոթում է ոչ միայն սահմանված ժամերին, այլև՝ բոլոր ազատ պահերին. պահք է պահում ոչ միայն որոշակի օրերի, այլև՝ երբ գիտակցում է դրա դերը մարմնական ցանկությունների դեմ պայքարում. Ոչ թե ողորմություն է տալիս պատահաբար, այլ ձգտում է ողորմած ու գթասիրտ լինել միշտ և բոլորի հանդեպ. Ոչ միայն խուսափում է հպարտ կեցվածքից ու խոնարհաբար վարվում մերձավորի հետ, այլև ձգտում է իր խոհերում սեփական անձը ոչ ոքից բարձր չդասել, սրտում խոնարհվել բոլորի առաջ իբրև Աստծո արարածների և միշտ միայն Աստծո փառքը փնտրել: Այսպես ընթանալով՝ ի վերջո քրիստոնյայի համար ոչինչ այնքան ցանկալի չի դառնում, որքան Աստծուն մշտապես հաճո լինելը և մեղքով Սուրբ Հոգուն երբեք չտրտմեցնելը [Եփես. 4.30]: Այդ աստիճանին հասածը արդեն ոչ թե երկյուղով ու ինքնահարկադրանքով, այլ հոժարակամ և ջերմ սիրով է հնազանդվում Տիրոջը: Այսպես, սկսելով իմաստուն աստվածավախությունից, բարեպաշտ մարդը հասնում է աստվածահաճության և լցվում նվիրական սիրով, որի մեջ այլևս երկյուղ չկա [տե՛ս Ա Հովհ. 4.18]:
Այս ճանապարհը, իհարկե, չի լինում հարթ ու աներեր: Բարեպաշտությունը մշտապես ենթարկվում է փորձությունների, որոնցով չարը ոչ միայն ձգտում է խափանել նրա հաջող զարգացումը, այլև՝ նենգափոխել նրա էությունը: Սկզբում նա դրդում է չպայքարել որոշ մեղքերի դեմ ու հետ կանգնել ապաշխարությունից, թերանալ առանձնական և ընդհանրական աստվածպաշտության մեջ, սակավ հաճախել եկեղեցի և հաղորդություն առնել միայն մեծ տոներին: Եթե քրիստոնյան, մերձավորի խրատին կամ սեփական խղճմտանքին անսալով, ժամանակին սթափվում է ու գիտակցում, որ նման աներկյուղ ընթացքով հեռանում է Աստծուց և վտանգում իր փրկությունը, ապա չարը փոխում է իր մարտավարությունը. Արդեն ոչ թե դիմադրում է բարեպաշտության գործերին, այլ ձգտում է դրանց խառնել եսապաշտական խորհուրդներ: Նման փորձության մեջ գտնվող քրիստոնյան, եթե անուշադիր է լինում անտեսանելի չար խորհուրդների հանդեպ, աստիճանաբար ձեռք է բերում փարիսեցիական հատկանիշներ: Նա սկսում է կարևորել բարեպաշտության արտաքին՝ տպավորություն թողնող կողմը, քանզի նրան ղեկավարում է ինքնահաստատման սկզբունքը: Այդժամ մարդը բարի գործեր է անում ոչ թե Տիրոջ երկյուղից կամ սիրուց մղված, այլ՝ մարդահաճությունից: Նրա առանձնական աստվածպաշտությունը ծառայում է ինքնագոհությանը, իսկ ընդհանրականը՝ մերձավորների գովեստներին: Անգամ ճգնություններն ու ապաշխարության գործերը դառնում են ինքնահաստատման և ոչ թե՝ Աստծո հետ հաշտվելու միջոց: Այսպես, պահելով սոսկ աստվածպաշտության կերպարանքը և ուրանալով նրա զորությունը [տե՛ս Բ Տիմ. 3.5], բարեպաշտությունը կարող է վերածվել արտաքին ձևապաշտության՝ կորցնելով իր փրկական նշանակությունը:
Գիտակցելով բարեպաշտության այսօրինակ նենգափոխման վտանգը՝ քրիստոնյան պետք է զինվի զգոնությամբ ու չտրվի ինքնամտությանը, այլ մշտապես կրթվի Սուրբ Գրքի և սուրբ վարդապետների խրատներով, ուշադիր լինի ուղիղ ընթացքից շեղող խորհուրդների հանդեպ և հակառակվի դրանց՝ հիշելով, որ իր կոչվածությունն է արժանանանալ ոչ թե անցավոր պսակների ու երկրային փառքի, այլ՝ աստվածմերձության և հավաստի փրկության, որին կարելի է հասնել միայն ճշմարիտ բարեպաշտությամբ:
 
sacredtradition.am