Ս. ԱՐԻՍՏԱԿԵՍ ՀԱՅՐԱՊԵՏ (մոտ 264-333)
id078Ս. Արիստակեսը ս.
Գրիգոր Լուսավորչի կրտսեր որդին է: Քրիստոնեական կրթությունը ստացել է Կեսարիայում: Պատանի հասակից ճգնասեր լինելով՝ նա ի վերջո որոշում է ամբողջապես նվիրվել
անապատական կյանքին և առանձնանում է Կապադովկիայի լեռներում, որտեղ հանձնվում է անօրինակ
ճգնությունների: Շուտով Արիստակեսին են միանում այլ
ճգնավորներ՝ աշակերտելով նրան: Նրա սրբակյաց և աստվածահաճ կյանքի համբավը տարածվում է
քրիստոնյա աշխարհում: Երբ հայոց
Տրդատ թագավորը լսում է նրա մասին, անմիջապես պատվիրակներ է ուղարկում՝ Արիստակեսին հրավիրելով Հայաստան, քանզի ս.
Գրիգոր Լուսավորիչն այդ ժամանակ հեռացել էր լեռները և չէր կամենում թողնել իր
ճգնություններն ու վերադառնալ հովվական ծառայության: Սկզբում Արիստակեսը կտրականապես մերժում է հրավերը, սակայն ի վերջո զիջում է բազմաթիվ
քրիստոնյաների թախանձանքներին, որոնք համոզում են նրան, որ
ճգնավոր լինելուց լավ է, եթե ինքը Հայաստանում
Աստծո մշակը դառնա:
Գալով Հայաստան՝ ս. Արիստակեսը
եպիսկոպոս է
ձեռնադրվում իր հոր՝ ս. Գրիգորի կողմից և, իբրև իրավահաջորդ, ստանձնում է նրա պաշտոնը: Նա մեծ սիրով ու եռանդով լծվում է հովվական ծառայության գործին՝ շարունակելով հանդերձ խստակրոն
ճգնավորի իր կենսակերպը: Ժամանակակիցների վկայությամբ՝ նա իր
վարդապետական ծառայությամբ գերազանցում է անգամ իր հորը: 325 թ. Արիստակեսը մեկնում է Նիկիա և մասնակցում I
տիեզերական ժողովին՝ Հայաստան բերելով
Հավատո հանգանակը:
330 թ.,
Տրդատ թագավորի մահից հետո, Հայաստանում հզորանում են նախարարների անկարգություններն ու կենտրոնախույս նկրտումները, ինչը չէր կարող հանդուրժել Արիստակեսը. իբրև հոգևոր հովիվ՝ նա շատ անգամ հանդես էր գալիս խիստ հանդիմանություններով: Ծոփք գավառի նախարար Արքեղայոսը, վիրավորված սուրբ
հայրապետի արդարացի կշտամբանքներից, 333 թ. դավադրաբար սպանում է նրան:
Ս. Արիստակեսից հետո հայոց
հայրապետական աթոռին է նստում ս.
Գրիգոր Լուսավորչի ավագ որդին՝ ս.
Վրթանես հայրապետը: