ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿԻՐ
id069Աստված, դեռևս
Աբրահամին ցույց տալով այն երկիրը, ուր պիտի բնակվեին նրա սերունդները, ասաց, որ նրանք այդտեղ կվերադառնան 400 տարի օտար երկրում ստրկության մեջ գտնվելուց հետո: Եվ երբ Տերը
Մովսես մարգարեի միջոցով Իր ժողովրդին ազատեց
Եգիպտոսի գերությունից, նրան տվեց գրավոր
օրենքը՝ խոստանալով, որ եթե հավատարմորեն պահեն այն, Ինքը նրանց կշնորհի մի հրաշալի երկիր, ուր «կաթ և մեղր է հոսում» [
Ել. 3.8], որտեղ ժողովուրդը կապրի հավերժ: Այդ երկիրը Քանանի երկիրն էր՝ այժմյան Պաղեստինը, ուր
Իսրայելի ժողովուրդը մտավ 40 տարի անապատում դեգերելուց հետո: Այն կոչվեց Ավետյաց երկիր, որովհետև նրա մասին անապատում
իսրայելացիները գիտեին միայն
Աստծո բարի խոստումով՝
ավետիսով:
Սակայն Ավետյաց երկրի խոստման
խորհուրդը առավել խոր էր. այն նշանակն էր քրիստոնեության, քանզի Եգիպտոսը, որպես հեթանոսական երկիր,
խորհրդանշում էր մարդկության հեթանոսական անցյալը, անապատը
խորհրդանշում էր գրավոր
օրենքը, իսկ խոստման երկիրը՝ նոր
ուխտը, որ տրվեց
Քրիստոսի միջոցով: Եվ սա է, ուր բխում է «կաթ և մեղր», որոնք նշանակում են
Աստծո քաղցրությունը և
մեղքերի թողությունը, նաև
պատվիրանների կատարումը
Սուրբ Հոգու շնորհով: