ԱՎԵՏԱՐԱՆ
id0661. Ավետարանել նշանակում է
ավետիս՝ բարի լուր հայտնել: Քանի որ Հիսուս
Քրիստոս նույն Ինքը
Մեսիան է, Ում սպասում էին դարեր ի վեր, ապա խոսել Նրա անձի, Նրա խոսքերի, գործերի և ողջ
տնօրինության մասին՝ նշանակում էր հայտնել
փրկության և
երկնքի արքայության մասին սպասվող լուրը: Ինքը
Քրիստոս եկավ այս լուրը Իր շուրթերին՝ ասելով. «Ապաշխարեցե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է» [
Մատթ. 3.2]: Այնուհետև Նա իրագործեց դա Իր կյանքով:
Ովքեր չհավատացին, նրանց համար
Քրիստոսի և Նրա հետևորդների վկայությունն ու
քարոզը չդարձավ բարի լուր, և նրանք անհաղորդ մնացին այդ բարիքին: Իսկ հավատացողների համար բացվեցին
երկնքի դռները: Արդարև, նրանց համար
Քրիստոսի մասին վկայող խոսքը բարի լուր է և
ավետիս:
Ավետարաններ, այսինքն՝
Քրիստոսի երկրային կյանքին վերաբերող պատմությունները և Նրա
վարդապետության հիմնական դրույթները պարունակող գրքեր, I դ. շատ են եղել: Սակայն դրանցից ոչ բոլորն էին հավաստի: Ուստի
Եկեղեցու հայրերը
Սուրբ Հոգու առաջնորդությամբ ընտրեցին այն 4 գրքերը՝ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի Ավետարանները, որոնցով սկսվում է
Նոր Կտակարանը: Ինչպես նրանցից յուրաքանչյուրն առանձին, այնպես էլ բոլոր չորսը միասին կոչվում են Ավետարան:
Չորս ավետարանիչներ
Երևան, ձեռ. 2705, էջ 334բ, Աստվածաշունչ, XIII-XIV և XVII դդ., Ղրիմ
«Ավետարան» բառը գործածվում է նաև ընդհանուր իմաստով՝ առանց վերաբերելու
ավետարանչի հեղինակությանը: Այդ բառով արտահայտվում է վկայությունը
Քրիստոսի և Նրա
փրկագործության մասին:
2. Եկեղեցական արարողության ժամանակ ընթերցելու համար ստեղծված են տարբեր
ծիսական նշանակության ավետարաններ. դրանք են
Ատյանի,
Ճաշու և Յուղաբերից ավետարանները:
Ատյանի ավետարանը պարունակում է 4 Ավետարաններն ամբողջությամբ, որոնք բաժանված են ըստ 50 օրվա ընթացքում կարդացվող հատվածների: Այս ավետարանները միշտ դրված են լինում բեմի ատյանում: Հավատացյալներն այն համբուրում են եկեղեցի մտնելիս և արարողության ավարտին:
Ճաշու ավետարանը պարունակում է միայն Ճաշու ժամերգության և պատարագի ընթացքում կարդացվող ավետարանական հատվածները: Այն ունի Տոնացույցի կարգավորություն:
Յուղաբերից ավետարանը բովանդակում է Հանգստյան, Բժշկության, Տաճարի, Խաչելության, Յուղաբերից, Անդաստանի, Քառասնօրյա գալստյան, Դռնբացեքի, Ոտնլվայի, Զատիկի և այլ արարողությունների ու տոների ժամանակ կարդացվող ընթերցվածքներ:
Այս ավետարանները կազմի վրա կրում են արծաթե զարդեր՝ սրբապատկեր կամ խաչ: Երբեմն ամբողջովին պատված են լինում արծաթե պահպանակով:
Ջենովայի Ավետարանի կազմի վերին փեղկը
1325 թ.: Սանկտ Պետերբուրգ, Էրմիտաժ