ԱՎԱԳ ՇԱԲԱԹ
id062Այսպես է կոչվում
Ծաղկազարդից մինչև
Զատիկ ընկած շաբաթը, որի յուրաքանչյուր օրը Ավագ անունն է կրում, քանի որ այդ ընթացքում
Քրիստոս իրականացրեց Իր վերջին, գլխավոր
տնօրինությունները: Այդ օրերին
Եկեղեցին հանդիսավոր արարողություններով մասնակից է դառնում Տիրոջ երկրային կյանքի այս վերջին շրջանին՝ քայլ առ քայլ ընթանալով Նրա հետ և հիշատակելով միմյանց հաջորդող
խորհրդավոր և
փրկարար իրադարձությունները:
Ծաղկազարդին,
կիրակի օրը, իրականացավ
Քրիստոսի հանդիսավոր մուտքը
Երուսաղեմ: Այս օրը վերապրում ենք
Փրկչին դիմավորող ժողովրդի ցնծությունը: Եվ այդ
խորհրդով եկեղեցում հավատացյալներին ուռենու նորաբողբոջ ճյուղեր են բաժանվում:
Ավագ երկուշաբթի օրը Տերը չորացրեց անպտուղ թզենին. դա
խորհրդանշում է հոգևոր պտուղ չտվող մարդկանց սպասող պատուհասը: Այդ օրը
եկեղեցում ընթերցվում է
դրախտից Ադամի ու Եվայի արտաքսման վերաբերյալ
սուրբգրային համապատասխան հատվածը՝ այդպիսով զգաստացնելով մեզ և մղելով
պատվիրանապահության:
Երեքշաբթի օրը
Քրիստոս ընդհարում ունեցավ
փարիսեցիների հետ և հանդիմանեց նրանց, որոնք էլ վերջնականապես վճռեցին
մահվան մատնել Տիրոջը: Այս օրը
եկեղեցում ընթերցվում է 10 կույսերի
առակը՝ իբրև հորդոր
առաքինության գործերով նմանվելու իմաստուն կույսերին:
Ավագ չորեքշաբթի օրը հիշատակվում է
Հուդայի մատնությունը, ինչպես նաև մեղավոր կնոջ
ապաշխարությունը, որն անուշահոտ յուղով օծեց Հիսուսի ոտքերը:
Ավագ հինգշաբթի
խորհրդավոր ընթրիքի հիշատակն է: Այս օրը
եկեղեցում պատարագ է մատուցվում և կատարվում
ոտնլվայի արարողությունը:
Ուրբաթ օրը Հիսուսի չարչարանքների, Նրա
խաչելության և թաղման հիշատակն է: Իբրև սգո նշան՝
եկեղեցու խորանը ծածկվում է սև վարագույրով: Կեսօրին կատարվում է
խաչելության, իսկ երեկոյան՝ թաղման կարգը՝
թափորով:
Ավագ ուրբաթ, Քրիստոսի թաղման կարգի թափոր
Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, 14 ապրիլի, 2006 թ.
Լուսանկար՝ Սերգեյ Հակոբյանի
Շաբաթ օրը Տերը մարմնով մնաց գերեզմանում, իսկ հոգով իջավ
դժոխք և այն ավերելով՝ ազատագրեց ննջեցյալների հոգիները:
Դժոխքի ավերման ուրախալի հիշատակությունը վերաճում է
Քրիստոսի հրաշափառ
հարության կանխաճաշակման: Երեկոյան կատարվում է
ճրագալույց և
Զատիկի նախատոնակը, և բոլորը ցնծագին ողջունում են միմյանց՝ ասելով. «Քրիստոս հարյավ ի մեռելոց»: