ԱՍՏՎԱԾՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ
id061Ընդհանուր առմամբ՝ աստվածպաշտություն նշանակում է պաշտել և պատվել
Աստծուն, իսկ մասնավորապես՝ ծառայել Նրան: Եվ քանի որ մարդու ծառայությունն
Աստծուն արտահայտվում է ոչ միայն արտաքին-
ծիսական գործողություններով, այլև ներքին նվիրվածությամբ, հայերենում աստվածպաշտություն է կոչվում նաև ամեն ինչով Տիրոջը հաճելի լինելու, Նրա սուրբ կամքը կատարելու ձգտումը, որն այլ կերպ կոչվում է
բարեպաշտություն:
Աստվածպաշտությունը ծագել է նախամարդու ստեղծման պահից՝ իբրև մարդու կարևորագույն և ամենահիմնական հատկություն, որը միաժամանակ թե՛ պաշտամունք էր, թե՛ ծառայություն և թե՛
բարեպաշտություն:
Ադամական մեղքից հետո էլ մարդը չկորցրեց իր աստվածպաշտությունը: Այն արտահայտվում էր
աղոթքով և
զոհաբերությամբ, ինչը հայտնի է
Ադամի որդիների՝
Աբելի և Կայենի օրինակով: Սակայն, ինչպես գիտենք,
Աստված ընդունեց
Աբելի զոհը, իսկ
Կայենի նվերը մերժեց, որովհետև
Աբելը զոհաբերություն էր անում ազնիվ ու նվիրված սրտով, իսկ
Կայենը՝ առանց
սիրո, իբրև սոսկ պարտականություն: Ի՞նչն էր պատճառը:
Կայենը, աստվածպաշտության այս պարտականությունը կատարելով հանդերձ, օժտված չէր ներքին
բարեպաշտությամբ, իր սրտում չուներ ճշմարիտ հոգևոր զգացումներ, քանզի չէր ձգտում ամեն ինչով հաճոյանալ
Աստծուն:
Աբելի սպանությունից հետո
Ադամը մի որդի էլ ունեցավ՝ Սեթ անունով: Նրա ժառանգները շարունակեցին պաշտել ճշմարիտ
Աստծուն և կոչվում էին
Աստծո որդիներ: Բայց եկավ մի ժամանակ, երբ նրանց աստվածպաշտությունն էլ վերածվեց սոսկ արտաքին պարտականության, իսկ ներքուստ նրանք այն աստիճան հեռացան
Աստծուց, որ սկսեցին խառնակվել
Կայենի ամբարիշտ սերունդների հետ:
Այս պատճառով
վարդապետները նշում են, որ անգամ աստվածպաշտության ամբողջ կարգն ամբասիր կատարելը առանց ներքին
բարեպաշտության և
խոնարհության, անկեղծ
ապաշխարության և ճշմարիտ
առաքինագործության՝ անպտուղ է:
Գոյություն ունի երկու աստվածպաշտություն: Առաջինը ընդհանուր հաստատված կարգն է: Սկսվելով պարզ
զոհաբերությունից՝ այն դարերի ընթացքում վերաճեց ամբողջական
ծիսական արարողության, որի ընթացքում իրականանում են
Եկեղեցու խորհուրդները ընթերցանությամբ,
աղոթքով, երգեցողությամբ,
երկրպագությամբ և այլ գործողություններով: Այս աստվածպաշտությունն իրագործում են հոգևորականները, իսկ
եկեղեցում ներկա ժողովուրդը նրանց միջոցով մասնակցում է կատարվող խորհրդին և ընդունում
Սուրբ Հոգու շնորհները:
Երկրորդ աստվածպաշտությունը կոչվում է առանձնական, որով մարդը, առանձնության մեջ որոշակի կարգով
աղոթելով, իր ծառայությունն է մատուցում
Աստծուն: Առանձնական աստվածպաշտությունը նույնքան կարևոր է, որքան ընդհանրականը, մանավանդ
ապաշխարելու և
առաքինությունների մեջ հաստատվելու,
Աստծո ներկայությունը մշտապես հիշելու, Նրա
պատվիրանները պահելու և ոչ ձևականորեն, այլ ի սրտե
Աստծուն նվիրվելու համար:
Ով թերանում է առանձնական աստվածպաշտության մեջ, նրա համար ընդհանուր եկեղեցական աստվածպաշտությունն էլ վերածվում է ծանր ու տհաճ մի պարտականության: Դրա հետևանքով մարդը կարող է կտրվել իրական
բարեպաշտությունից և Սեթի ժառանգների պես վաղ թե ուշ խառնակվել
մեղսալից աշխարհի հետ և լիովին հեռանալ
Աստծուց: Մինչդեռ նրանց համար, ովքեր ապրում են առանձնական աստվածպաշտությամբ և ձգտում են առաքինի վարքով հաճոյանալ
Աստծուն, ընդհանրական աստվածպաշտությունը դառնում է շատ ավելի ցանկալի և նշանակալից:
Պատարագի պահ Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. խնկարկություն
Ծաղկազարդ. 9 ապրիլի, 2006 թ.
Լուսանկար՝ Սերգեյ Հակոբյանի
Ընդհանրական կամ եկեղեցական աստվածպաշտության հիմնական վայրը
եկեղեցին է՝ իբրև հատկապես սրբագործված և
երկնային բնակիչների ներկայությունը կրող սրբազան տարածք, որի կառուցվածքը ոչ միայն որոշակիորեն համապատասխանեցված է
ծիսական գործողություններին, այլև հոգևոր
խորհուրդների յուրահատուկ
խորհրդանիշ է:
Եկեղեցական աստվածպաշտության հիմնական մասն են կազմում
Եկեղեցու խորհուրդները, որոնց մեջ ս.
հաղորդությունը եկեղեցական արարողությունների գագաթնակետի՝ ս.
պատարագի բովանդակության առանցքն է:
Ընդհանրական աստվածպաշտությունը կարգավորված է ըստ տարվա հատուկ շրջանների, շաբաթվա օրերի և օրվա ժամերի, քանզի այդ ժամանակահատվածներից յուրաքանչյուրը պարունակում է կարևորագույն հոգևոր
խորհրդակիր պահեր կամ կրոնական հիշատակություններ:
Տարվա շրջաններով ու օրերով նշանավորվում են
եկեղեցական տոներն ու պահոց շրջանները, իսկ օրվա ժամերով կարգավորվում է
քրիստոնյայի ամենօրյա պաշտամունքը՝ ըստ հատուկ
աղոթաժամերի:
Եկեղեցական աստվածպաշտության մեջ յուրաքանչյուր արարողություն կատարվում է հատուկ սահմանված
ծիսակարգով, որը ներառում է մի շարք
խորհրդավոր գործողություններ, ինչպիսիք են
քահանայի օրհնության կամ բուրվառակրի
խնկարկության պահերին
խաչակնքելն ու
երկրպագելը, արարողության ավարտին
խաչն ու
ավետարանը համբուրելը և այլն:
Եկեղեցու հիմնական
ծեսերը տոն օրերին համալրում են այնպիսի գեղեցիկ ու զվարթարար արարողություններ, ինչպիսիք են
անդաստանն ու
թափորը,
ջրօրհնեքն ու
ճրագալույցը,
ոտնլվան և
խաղողօրհնեքը:
Այս ամենով եկեղեցական աստվածպաշտությունը հոգևոր սկզբունքների կայացման ամբողջական և կատարյալ համակարգ է, որն ահռելի նշանակություն ունի
քրիստոնյայի փրկության համար: Ծանոթանալով այդ համակարգին՝ մարդն իմաստնանում է քրիստոնեական
ճշմարտություններով, հաստատվում
հավատով ու
հույսով, իսկ կենդանի և մշտական մասնակցությունը եկեղեցական արարողություններին աճեցնում է
քրիստոնյայի ջերմեռանդությունն ու
սերն առ
Աստված, լցնում
շնորհներով և զորացնում՝ կյանքում առավել
բարեպաշտ և առաքինի լինելու համար:
Պատարագի պահ Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում
Ծաղկազարդ. 9 ապրիլի, 2006 թ.
Լուսանկար՝ Սերգեյ Հակոբյանի