Ս. ԹԵՈԴԻՏՈՆ ԳԱՂԱՏԱՑԻ ԵՎ ՅՈԹ ԿՈՒՅՍԵՐ (+303)
id593Ս. Թեոդիտոնը հայտնի էր հայրենի Գաղատիայում իր օրինակելի
բարեպաշտությամբ. աղոթասեր ու պահեցող, գոհացող ու համբերատար՝ նա
քրիստոնյայի համար
փրկություն էր համարում չարչարանքներն ու վշտերը:
Երբ սկսվեցին
քրիստոնյաների հալածանքները, նա իր տունը վերածեց պանդոկի, որպեսզի այնտեղ պատսպարի փախստական
քրիստոնյաներին: Իր շահույթը Թեոդիտոնը հիմնականում բաշխում էր աղքատներին, շատ աղքատներ էլ նրա մոտ կերակրվում էին անվճար: Բայց նրա ամենակարևոր դերը պանդոկի խայտաբղետ այցելուներից շատերին զանազան խրատներով ու
աղոթքով դարձի բերելն էր, ինչին նպաստում էին ոչ միայն նրա բանիմացությունն ու վարժապետական ձիրքը, այլև՝
Աստծուց ստացած բժշկության
շնորհը, որով նա փարատում էր հիվանդների ցավերը և դրդում գոհանալ ու
փառաբանել Քրիստոսին:
303 թ. կայսերական հրամանով Գաղատիա է առաքվում դաժան և արյունարբու Թեոդեկնոս կուսակալը քրիստոնեությունը արմատախիլ անելու առաքելությամբ: Խիստ հետապնդումներից խուսափող հավատացյալները ապաստան են գտնում երանելու պանդոկում, քանզի այն հալածիչների համար քրիստոնեական հավաքատեղի լինելու որևէ կասկած չէր հարուցում: Իսկ ինքը Թեոդիտոնը, իբրև գինեվաճառ, ազատ շրջում էր քաղաքում, այլևայլ պատրվակներով մտնում բանտերը և քաջալերում բանտարկված հավատակիցներին համբերել մինչև վերջ հանուն երկնային պսակի:
Այդ ժամանակ Թեոդեկնոսը ձերբակալում է Անկյուրիա քաղաքում ճգնող 7 կույսերի՝ Տեկուսային, որը Թեոդիտոնի մորաքույրն էր, Ալեքսանդրիային, Կլավդիային, Փեննային, Եվփրասիային, Մատրոնային և Հուղիտային: Կույսերը, որոնք հայտնի էին պարկեշտությամբ և այլ
առաքինություններով, իրենց սուրբ ընթացքն ավարտում են մարտիրոսությամբ՝ ամենևին չընկրկելով բռնակալի սպառնալիքների առաջ. բազում տանջանքներից հետո, ոտքերին ծանր քարեր կապելով, նրանց խորտակում են լճում:
Թեոդիտոնը, լսելով նրանց
նահատակության մասին, կարողանում է գիշերով իր ընկերների հետ լճից հանել
սրբերի մարմինները և պատվով հանձնել հողին: Առավոտյան իմանալով, որ կույսերի մարմինները գողացվել են, կռապաշտները ձերբակալում են շատ
քրիստոնյաների: Տեսնելով, որ իր փոխարեն ուրիշներն են հալածվում, ս. Թեոդիտոնը շտապում է ներկայանալ ատյան և հայտնել իսկությունը: Կուսակալը դաժան խոշտանգումների է ենթարկում Թեոդիտոնին, բայց երանելին բնավ ցավ չէր զգում և շարունակում էր զվարթերես
փառաբանել Քրիստոսին, մինչև որ գլխատվելով ավանդում է հոգին: