SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

Ս. ԿՈԴՐԱՏՈՍ ՎԿԱ (+255)
id586Կոդրատիոս կամ Կոդրատոս անունով հայտնի մարտիրոսին վկայաբանություններում անվանվում են «զինավոր» ոչ թե ըստ նրա պաշտոնի, այլ այն մեծ արիության համար, որով նա, իբրև Քրիստոսի զինվոր, համբերեց սոսկալի խոշտանգումներին՝ ստանալով մարտիրոսության պսակը:
Կոդրատոսը ծագումով ազնվական էր՝ Բութանիայի Նիկոմեդիայի ազատ քաղաքացի, հայտնի իր վայելուչ արտաքինով ու ընդարձակ գիտելիքներով և ամենակարևորը՝ եռանդուն աստվածպաշտությամբ ու հավատի անթաքույց խոստովանությամբ:
Սկսած Դեկիոս կայսեր (249-251) ժամանակներից՝ Նիկոմեդիայում հաճախ ձերբակալում էին քրիստոնյաներին և մահվան սպառնալիքով ստիպում զոհեր մատուցել կուռքերին: Այդ պատճառով շատ քրիստոնյաներ փախչում էին մոտակա լեռները՝ խուսափելով ուրացության վտանգից: Բայց կային նաև այնպիսիք, որ համարձակ շրջում էին քաղաքում՝ պատրաստ նահատակության, և քաջալերում էին ձերբակալված հավատակիցներին: Այդպիսին էր և Կոդրատոսը, որը, չխնայելով իր ունեցվածքը, դեղերով ու մթերքով այցելում էր բանտարկված քրիստոնյաներին և խրատում ետ չկանգնել վկայական խոստովանությունից ու ժամանակավոր կյանքի համար չկորցնել հավիտենականը:
Մի անգամ, երբ նահանգի կուսակալ Պերինիոսը Նիկոմեդիայում դատավարություն էր անում, Կոդրատոսը, որը տակավին ձերբակալված չէր, Սուրբ Հոգու զորությամբ լցված՝ կամովին այցելում է դատարան և բոլորից առաջ անցնելով՝ խոստովանում իր հավատը: Նրա նպատակն էր սեփական օրինակով զորավիգ լինել կալանված քրիստոնյա եղբայրներին, որոնցից շատերը խիստ երկնչում էին՝ տեսնելով պատրաստված տանջանքի գործիքները: Կուսակալը, նկատելով Կոդրատոսի բանիմացությունը, որոշում է բանավիճելով ետ պահել նրան իր ճանապարհից, քանզի համոզված հեթանոս էր և կարծում էր, թե քրիստոնյաներն անգիտությունից են մոլորվել ու հավատում են անիրական բաների: Սակայն երանելի վկան, որ քաջատեղյակ էր հեթանոսական դիցաբանությանը, բոլորին ի լուր կարողանում է հակաճառել և ցույց տալ հեթանոսության անհեթեթ ու անբարո էությունը՝ նրանց պաշտած աստվածներին անվանելով գարշելի դևեր: Այդժամ Պերինիոսը սարսափելի տանջանքների է ենթարկում նրան՝ հուսալով, որ մյուս քրիստոնյաները, տեսնելով այսպես հանդուգն խոսողի տառապանքներն ու տկարացումը, կընկճվեն ու կհրաժարվեն Քրիստոսից: Մինչդեռ երանելի վկան բոլորի համար դառնում է հույսի զորացման առիթ՝ արթնացնելով նրանց հոգու արիությունը, քանզի անասելի չարչարանքներում պահպանում է հոգու զվարթությունը և ցույց տալիս, որ դրանք ոչինչ են սպասվող հավիտենական երանության համեմատ:
Ուղևորվելով Նիկիա՝ Պերինիոսն իր հետ տանում է ձերբակալված քրիստոնյաներին, որոնց առջևից, իբրև քաջարի զորավար, ընթանում էր Կոդրատոսը: Նիկիայում հելլենացի փիլիսոփաներից ոմանք, տեսնելով Կոդրատոսի մյուս մարտիրոսների անվեհերությունը, զարմանքով նայում խոստովանում են միմյանց, որ թերևս ճշմարիտ է քրիստոնյաների հավատը, քանզի անհնար է առանց նախաճաշակելու սպասվող երանությունը դիմանալ այդպիսի չարչարանքների: Նրանցից ոմանք ընդունում են Քրիստոսին և կամավոր միանում կալանավորների խմբին:
Պերինիոսը հույս ուներ Նիկիայում գտնվող ուրացած քրիստոնյաների օրինակով ընկճել Կոդրատոսին ու մյուսներին՝ կարծելով, թե ուրացածները կհամոզեն հետևել իրենց ու զոհեր մատուցել կուռքերին: Մինչդեռ, երբ նրանց բերում են Կոդրատոսի առաջ, վերջինիս խիստ հայացքը և հանդիմանությունները այնպես են սթափեցնում ուրացածներին, որ նրանք զղջում են իրենց փոքրոգության համար ու վերստին խոստովանում իրենց հավատը՝ պատրաստ նահատակության: Այդժամ կուսակալը դարձյալ դիմում է բռնության՝ սոսկալի չարչարանքներով փորձելով հնազանդեցնել թե՛ Կոդրատոսին, թե՛ նրանով խանդավառված մյուս քրիստոնյաներին: Բայց Կոդրատոսը մինչև վերջ շարունակ փառաբանում է Աստծուն և աղոթում ոչ միայն իր, այլև իր պսակակից եղբայրների համար:
Նրա չարչարանքները, որոնց չնչին մասն իսկ բավական էր սովորական մարդուն կյանքից զրկելու համար, ուղեկցվում են հրաշքներով և ահռելի դեր խաղում քրիստոնյաների հավատի ամրապնդման համար: Ուրացությունից ետ կանգնածներին դատապարտում են խարույկի վրա այրվելու, ինչը նրանք ընդունում են սրտապինդ խնդությամբ: Իսկ Կոդրատոսին նախկինում կալանվածների խմբի հետ կուսակալը տանում է Ապամեա քաղաք, այնուհետև Կեսարիա, Ապոլոնիա, Հելլեսպոնտոս՝ ամենուր փորձելով տեղի կուռքերի դիվային ներգործությամբ կոտրել երանելու հավատը և ենթարկելով դաժան չարչարանքների: Բայց այդ խոշտանգումներն ավելի են զորացնում Կոդրատոսին, իսկ նրա համբավը տարածվում է շրջակայքում, և շատ քրիստոնյաներ անվախորեն գալիս են տեսնելու Քրիստոսի քաջարի զինվորին:
Ի վերջո, տեսնելով, որ բնության տարրերն անզոր են նրա մարմնի հանդեպ, բռնակալը հրամայում է գլխատել Կոդրատոսին: հավատի բազմահաղթ վկան երկարաշունչ աղոթքից հետո կամավոր խոնարհում է պարանոցը դահճի սրի առաջ՝ երանությամբ ավարտելով իր երկրային կյանքը 255 թվականին:


 
sacredtradition.am