SacredTradition :: Library
русский  english    
ԳՐԱԴԱՐԱՆ
ԳՐԱԴԱՐԱՆ / ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ
Ա | Բ | Գ | Դ | Ե | Զ | Է | Ը | Թ | Ժ | Ի | Լ | Խ | Ծ | Կ | Հ | Ձ | Ղ | Ճ | Մ | Յ | Ն | Շ | Ո | Չ | Պ | Ջ | Ս | Վ | Տ | Ց | ՈՒ | Փ | Ք | Օ

ԲԵԹՂԵՀԵՄԻ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԿՈՏՈՐԱԾԸ
id583Նոր Կտակարանում Քրիստոսի ծննդյան ուրախարար ավետիսին հաջորդում է մի սոսկալի գույժ. Հերովդես Մեծ արքայի (մ. թ. ա. 37-4) հրամանով Փրկչի ծննդավայր Բեթղեհեմ քաղաքում սպանվում են երկու տարեկան և դրանից ցածր հազարավոր մանուկներ [տե՛ս Մատթ. 2.16-18]: Երբ թագավորն արևելքից ժամանած մոգերից իմանում է, որ Իսրայելում, ըստ նշանների, ծնվել է հրեաների Արքան, կորցնում է հանգիստը [տե՛ս Մատթ. 2.1-4]: Նա շատ լավ հասկանում էր, որ խոսքը վերաբերում է Մեսիային, Ում մասին կանխահայտնել էին Մովսեսը և բոլոր մարգարեները, Ում դարերով սպասում էր ողջ Իսրայելը: Սակայն իր և իր նորահաստատ արքայական տոհմի համար Մեսիան ընկալվում էր իբրև մրցակից և թշնամի, Որից պետք էր ազատվել հանուն ինքնահաստատման՝ փաստորեն մարտնչելով Սուրբ Գրքի և Աստծո դեմ: Դժվար է պատկերացնել ավելի մեծ խելահեղություն: Հերովդեսը հայտնի էր իր դաժանությամբ, բայց Բեթղեհեմի մանուկների կոտորածը գերազանցում է նրա գործած բոլոր չարիքները: Հայտնի է, որ նա վախճանվել է սոսկալի մահով՝ կրելով իր չարագործությունների արդար հատուցումը:
Սակայն այստեղ յուրաքանչյուր հավատացյալի սրտում մի հարց է ծագում. ինչո՞ւ Քրիստոս թույլ տվեց, որ Իր ծնունդն ուղեկցվի այսպիսի եղեռնագործությամբ. մի՞թե անհնար էր կանխել այդ ոճիրը. վերջապես՝ ի՞նչ հոգևոր իմաստ է կրում կատարվածը:
Մեր առջև կյանքի և մահվան խորհուրդն է. Նա, Ով գալիս էր թագավորելու, կարիք չուներ երկրային իշխանության, քանզի Նրա արքայությունը երկնքում է: Եվ ինչպես որ ոչ մի մարդկային կամ դիվային հնարք չէր կարող խափանել Նրա գալուստը և հաստատումը մարդկության սրտում, այնպես էլ որևիցե եղեռնագործություն ի զորու չէ վերցնել Քրիստոսի մահով մարդկանց տրված հավիտենական կյանքը: Բեթղեհեմի մանուկները նահատակվեցին Քրիստոսի անվան համար և եղան առաջին մարտիրոսները: Նրանց կոտորածը ոչ միայն ցույց տվեց, թե չարը որքա՜ն էր սարսափում Մարդու Որդու գալստից և ինչպիսի՜ նախախնամությամբ վրիպեց իր նպատակից, այլև՝ այն, որ Մեսիայի գալուստը այս անցավոր կյանքի համար չէր, որ Նա բյուրապատիկ ավելի մեծ կյանք է բերել մարդկությանը, քան նրանց անցավոր գոյությունն է: Քանզի Բեթղեհեմի մանուկները, լինելով Քրիստոսի մարդեղության վկաները, իրենց նահատակության խորհրդին համապատասխան արժանացան անապական երկնային պսակի:
Եկեղեցին հիշատակում է Բեթղեհեմի մանուկներին իբրև մարդկային ցեղի առաջին մարտիրոսների հանուն Քրիստոսի և դիմում է նրանց բարեխոսությանը՝ որպես «աղավնիերի երամի՝ թռած երկրից և դասված երկնքի հրեշտակների հետ» («Մանկունք» շարական):


 
sacredtradition.am