ԳԱԼՍՏՅԱՆ ԿԻՐԱԿԻ
id581Մեծ պահքի վեցերորդ՝ Գալստյան կիրակին միաժամանակ վերաբերում է
Քրիստոսի առաջին և երկրորդ գալուստներին:
Քրիստոս եկավ ու մարդացավ, «մարմին եղավ և բնակվեց մեր մեջ» [
Հովհ. 1.14] և մեզ հետ է «բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» [
Մատթ. 28.20], քանզի
հարություն առնելով և
համբարձվելով՝ Նա ոչ թե հեռացավ մարդկությունից, այլ Իր անձի մեջ մարդկային բնությունը հասցրեց
երկինք: Նա հաստատեց Իր
Եկեղեցին որպես
երկինք երկրի վրա, որտեղ ներկա է մշտապես և սուրբ
խորհուրդների միջոցով սրբագործում է Իր հոտը: Այսպես,
Քրիստոսի առաջին գալուստը ոչ թե սոսկ պատմական իրադարձություն էր, այլ հոգևոր իրողություն՝ «աստվածպաշտության մեծ խորհուրդ» [
Ա Տիմ. 3.16], որը գործում է առհավետ: Եվ սակայն Նա կրկին պիտի գա. ինչպես որ
համբարձվելով «երկինք վերացավ, պիտի գա նույն ձևով»՝ «ամպերի վրա, զորությամբ և մեծ փառքով» [
Գործ. 1.11,
Ղուկ. 21.27]: «Ազդարարության նշանով, հրեշտակապետի ձայնով և Աստծո շեփորով Նա պիտի իջնի երկնքից» [
Ա Թես. 4.15]՝ հնձելու Իր սերմանածը, երբ հասունանա «հնձի ժամանակը» [
Հայտն. 14.15],
հարություն տա բոլոր մեռյալներին և պատասխանատվության կանչի համայն մարդկությանը:
Եվ արդ, այդ «բարկության մեծ օրն» էլ [
Հայտն. 6.17], որից չի կարող խուսափել ոչ ոք,
քրիստոնյայի համար սոսկ մի հեռավոր իրադարձություն չէ՝ պատված ապագայի մշուշով, այլ առավել քան մոտ է, քանզի իր նշանակությամբ եզրափակում է «աստվածպաշտության մեծ խորհուրդը»: Ուստի ճշմարիտ
քրիստոնյան ապրում է ինչպես
Քրիստոսի առաջին, այնպես էլ երկրորդ գալստյամբ՝ անկախ նրանից, թե պատմականորեն որքանով է դրանցից հեռու կամ մերձ: Հոգևոր կյանքը այս երկու բևեռներից է ստանում իր ողջ լարումը, և որքան մեծ է
հավատը, այնքան փոքր է այս բևեռների հեռավորությունը, այնքան մոտ և անմիջական է նրանց
խորհրդական վերապրումը: Ահա այսպես է արտահայտված Տիրոջ կրկնակի գալստյան
խորհուրդն այսօրվա
շարականում. «Ըստ մարգարեի ավետիսի՝ [տրված] Գառանդ արյամբ փրկվածներիս, մենք էլ ցնծում ենք իբրև անտառի ծառեր Տիրոջ կրկնակի գալստյամբ. շնորհի՛ր մեզ, Տե՛ր, արդարների՝ Քո կողմից տնկված ծառերի հետ այժմ վայելել հույսով, իսկ երկրորդ [գալստյանդ] ցնծալ Քեզ հետ»:
Հիրավի, արդարները բերկրում են
Քրիստոսի առաջին գալստյամբ՝ վայելելով Նրա պարգևած
շնորհի առատությունը, և ցնծալու են Նրա երկրորդ գալստյանը՝ միավորվելով Նրա անսկիզբ ու անվախճան
փառքին: Սակայն այդ ցնծությունը չի տրվում անաշխատ, այլ վաստակվում է կատարյալ
առաքինությամբ: Նրանք են ցնծալու, ովքեր «իրենց զգեստները լվացին ու սպիտակեցրին Գառան արյունով …. և Նա, որ նստում է աթոռի վրա, բնակվում է նրանց մեջ [
Հայտն. 7.14-15]: Եվ ահա, Գալստյան կիրակին կոչված է
Մեծ պահքի ճամփորդին ծանուցել հոգևոր կատարելության
խորհուրդը, երբ սիրտը դառնում է Տիրոջ բնակության
խորան: Այդ կատարելությանը հասնելու ուղին նշված էր ամբողջ
պահքի ընթացքում՝ սկսած միակ ճշմարիտ բարի կյանքն ընտրելուց մինչև այդ կյանքի երանությանն արժանանալը: Եվ այսօր, անկախ նրանից, թե որքանով ենք այդ ճանապարհն անցել պատշաճ խորությամբ և ինչ
շնորհների ենք արժանացել, պահանջվում է ամրագրել ձեռքբերածը՝ հայելով ողջ հոգևոր ընթացքը եզրափակող՝ երկրորդ գալստյան
խորհրդին: Այսօր մենք կոչված ենք սևեռել մտքի հայացքը մեր ընթացքի ավարտին, որը կարող է լինել ամեն պահ, քանզի, ինչպես ասում են
վարդապետները,
Քրիստոսի երկրորդ գալստյան
խորհուրդը կատարվում է նաև յուրաքանչյուր մարդու
մահով: Եվ կատարելությանը մոտ է նա, ով իր յուրաքանչյուր օրն ապրում է իբրև վերջին օր՝ խորհելով ոչ թե «վաղվա մասին» [
Մատթ. 6.34], այլ՝ «մեծ օրվա», երբ ամեն ոք «կդատվի ըստ իր գործերի» [
Յայտն. 20.13]: Հիշել սեփական անձի և
աշխարհի վախճանի մասին նշանակում է մշտապես քայլել
Աստծո հայացքի առջև ու չանել ոչինչ, որ հաճելի չէ Նրան, ամեն ինչի նայել
ահեղ դատաստանի բարձունքից և պատրաստել սեփական անձը
հարության ու արքայության համար: «Վերին բաների մասին խորհեցեք և ոչ թե՝ այն, որ այստեղ՝ երկրի վրա է,- կարդում ենք այսօրվա
ընթերցվածքում,- քանզի մեռած եք, և ձեր կյանքը պահված է Քրիստոսի հետ՝ Աստծո մեջ: Իսկ երբ Քրիստոս՝ ձեր Կյանքը, հայտնվի, այն ժամանակ դուք էլ Նրա հետ կհայտնվեք փառքով» [
Կող. 3.2-4]: Այդ
փառքի հույսով էլ այսօր երգում ենք սուրբ շարականագրի խոսքերով.
«Երբ հայրական փառքով, Քրիստո՛ս, ծագես երկնքից և հարություն տաս մեռյալներին, այնժամ մեզ դասիր Քո աջ կողմում և հրավիրիր Քո փառքի մեջ:
Երբ դատաստանի Քո եղանով, Տե՛ր, մաքրես աշխարհի կալը, Քո արքայության շտեմարաններում ժողովիր մեզ արդարների հետ:
Երբ հարսնացած Եկեղեցին միանա Քեզ՝ Փեսայիդ հետ, իմաստուն սուրբ կույսերի հետ արժանացրու մեզ առագաստին՝ նրանց հետ երգելու [Քո] փառքը բարձունքներում»: