ԱՐՏԱՔՍՄԱՆ ԿԻՐԱԿԻ
id572Մեծ պահքի երկրորդ՝ Արտաքսման կիրակի օրը հիշատակվում է նախամարդու արտաքսվելը
դրախտից և
մեղքի ու
մահվան դառնությունը ճաշակելը: Եթե
Բուն բարեկենդանի և նրան հաջորդող շաբաթվա օրերի խորհրդածությունը կոչված է արթնացնել մեր հիշողությունը, թե որտեղից ընկանք և ինչ պատիվ ու վայելչություն կորցրինք, ապա Արտաքսման կիրակիի խորհրդածությունը նպատակ ունի սթափեցնել մեզ, որպեսզի գիտակցենք, թե ուր ենք ընկել և ինչ անպատիվ ու անվայել թշվառության մատնվել: Արդարև, այս աշխարհը նախամարդու անկումից հետո լոկ աքսորավայր է, ժամանակավոր պանդխտություն, որտեղ համայն մարդկությունը, հակառակ խաբուսիկ «առաջընթացին», դատապարտված է ապականության, հիվանդության ու
մահվան:
Մարդկության շնորհազուրկ գիտակցությունն ակամա համակերպվել է այս իրողության հետ. նրա համար այս իրականությունը՝ իր համընդհանուր անկայանալիությամբ հանդերձ, գոյության միակ ոլորտն է: Մինչդեռ ով հասկանում է, որ արտաքսված է իր ճշմարիտ հայրենիքից, չի կարող մխիթարություն գտնել անցավորի մեջ, այլ փնտրում է միայն կատարյալն ու անանցը, և եթե չի ճաշակում ճշմարիտ Մխիթարիչի՝
Սուրբ Հոգու ներգործությունը, սգում է իր բնության արտաքսված և Արարչից օտարացած վիճակի համար:
Սակայն միշտ չէ, որ
քրիստոնյան գիտակցում է այս
ճշմարտությունը ողջ խորությամբ. հաճախ աշխարհն իր բազում հրապույրներով գայթակղում է նաև լուսո որդիներին: Ուստի և այս կիրակի
Եկեղեցին ընթերցվածքներով,
շարականներով ու
քարոզներով ձգտում է
Մեծ պահքի ճամփորդին պատսպարել այդ հրապույրներից, որպեսզի նա չկառչի այս դարաշրջանի ոչ մի խաբեպատիր «առաջարկից», լինի իբրև անցորդ, քանզի «աշխարհն անցնում է, իսկ ով կատարում է
Աստծո կամքը, մնում է հավիտյան» [
Ա Հովհ. 2.17]: Ինչպես կարդում ենք օրվա
ընթերցվածքում, սուրբ
առաքյալը հորդորում է ոչ միայն
պահքի մարմնական ճիգով պատրաստել մեր մարմինները որպես «կենդանի, սուրբ, աստվածահաճո զոհ», այլև չկերպարանվել «այս աշխարհի կերպարանքով» և նորոգվել «մտքի նորոգությամբ» [տե՛ս
Հռոմ. 12.1-2]:
Այսպիսով, Արտաքսման կիրակին ուսուցանում է
պահքի խստության միջոցով դառնալ առավել ներամփոփ, անտարբեր արտաքին տպավորությունների նկատմամբ և
ապաշխարությամբ նորոգել ու փոխել սեփական գիտակցությունը: Այս իսկ
խորհուրդն է ամփոփված այսօրվա «Հարց»
շարականի հետևյալ խոսքերում. «Կյանքի դրախտից ելնելու համար [մեր] նախահոր տրտմության հետ մենք էլ ընդունենք ապաշխարության տրտմությունը, որպեսզի Քրիստոսի հարությամբ արժանանանք մտնել Եկեղեցու դրախտը»: