ԱՌԱՋԱՎՈՐԱՑ ՊԱՀՔ
id567Դեռևս առաքելական շրջանում
քրիստոնյաները ձգտում էին
Եկեղեցու մեծագույն տոնը՝
Զատիկը, դիմավորել երկարատև
պահքով և
ապաշխարությամբ: Դժվար է ասել, թե որքան է տևել այդ
պահքը սկզբում: Ըստ ավանդության՝
առաքյալները Մեծ պահքի սկիզբը սահմանել են
Զատիկից 70 օր, այսինքն՝ 10 շաբաթ առաջ: Սակայն շուտով փոխել են իրենց որոշումը՝ նկատելով, որ այդքան տևական
պահքը կարող է տանելի չլինել բոլորի համար, և պահոց շաբաթների քանակն իջեցրել են 7-ի: Այնուհանդերձ, առաջին շաբաթն ավանդաբար պահպանվել է իբրև պահոց շրջանի սկիզբ՝ ստանալով Առաջավորաց պահք անվանումը:
Ըստ այլ ավանդության՝ Առաջավորաց պահքն առնչվում է ս.
Գրիգոր Լուսավորչի քարոզությանը և հայոց
դարձին:
Խոր վիրապից ելնելուց հետո ս. Գրիգորը ս.
Տրդատ արքային և նրա հետ
դիվահարված մերձավորներին հրամայեց 5 օր անսվաղ մնալ (այսինքն՝ ոչինչ չուտել ու չխմել), ինչին հաջորդեցին նրա 60-օրյա
քարոզը և դիվահարների բժշկումը հրաշքով: Այնուհետև, դառնալով հայոց քահանայապետը, ի հիշատակ կատարվածի Լուսավորիչը սահմանեց 5-օրյա
պահք: Այն կոչվեց Առաջավորաց, քանի որ եղավ մեր
Եկեղեցու առաջին շաբաթապահքը:
Այսպիսով, Առաջավորաց պահքը՝ իր վերոնշյալ
խորհուրդներով, կարևորվում է որպես
Մեծ պահքի նախակարապետ և տարվա առաջին առիթ՝ պահեցողությամբ ու
ապաշխարությամբ վերահաստատելու աստվածահաճ կյանքով ապրելու ուխտադրությունը: Այս պատճառով նախկինում այս
պահքին վերաբերվել են հատուկ խստությամբ և սնվել միայն աղով ու հացով: Պահքի առաջին 4 օրերին եկեղեցում սուրբգրային
ընթերցվածքներ չեն լինում, իսկ 5-րդ՝ ուրբաթ օրը, որը
Հովնան մարգարեի հիշատակության օրն է, ընթերցվում է նրա գիրքն ամբողջությամբ՝ որպես անխոնջ պահեցողության և արդյունավետ
ապաշխարության դասական օրինակ: Ի դեպ, եթե ուրբաթ օրը համընկնում է
Տյառնընդառաջի հետ, ապա
Հովնան մարգարեի հիշատակության օրը տեղափոխվում է հինգշաբթի:
Առաջավորաց պահքին հաջորդում է ս.
Սարգիս զորավարի տոնը, քանի որ վերջինիս
նահատակության ժամանակը համընկել է այս պահքի հետ: Այդ պատճառով այս պահքը ժողովուրդը կոչում է նաև ս. Սարգսի պահք: Սակայն դա չի նշանակում, թե պահքը նվիրված է այդ
սրբին, քանզի յուրաքանչյուր
պահք միայն
Աստծուն է նվիրվում: Շաբաթապահքը կոչելով
սրբի անունով՝ հայցվում է նրա
բարեխոսությունը, որպեսզի
պահքն ընդունելի լինի Տիրոջ կողմից: