ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ
id055Մեր Տեր Հիսուս
Քրիստոսի առաջին
տնօրինությունները, որոնցով Նա հայտնվեց աշխարհին (
Գաբրիել հրեշտակապետի ավետումը, Հիսուս Մանկան
ծնունդը, 8-օրյա
թլփատությունը, հովիվների և մոգերի
երկրպագությունը, 40-օրյա գալուստը Տաճար (տե՛ս
Տյառնընդառաջ), ինչպես նաև
Հորդանանում մկրտվելը), առաջին դարերում տոնել են միևնույն՝ Աստվածահայտնություն կոչվող մեծ տոնախմբական շրջանում:
Հետագայում այս տոնի գրեթե բոլոր հիշատակներն առանձնացան՝ տարվա մեջ բաշխվելով ըստ համապատասխան ամիսների և օրերի: Մնացին միայն
Ծնունդը և
Մկրտությունը, որոնք, ըստ
Ավետարանի, կատարվել են միևնույն օրը՝ երբ Հիսուսը 30 տարեկան էր: Ըստ
ավանդության՝ այդ օրը հունվարի 6-ն է:
Ավելի ուշ, V դարում, Հունական
Եկեղեցին Ծննդյան տոնը ևս անջատեց
Մկրտությունից և սկսեց այն տոնել դեկտեմբերի 25-ին, որը տարածում գտավ ողջ աշխարհում: Սակայն
Հայ Եկեղեցին հավատարիմ մնաց հնագույն
ավանդությանն ու առաքելական
կանոնին և առ այսօր
Քրիստոսի ծննդյան և
մկրտության հիշատակը միացյալ տոնում է հունվարի 6-ին՝ Աստվածահայտնություն անվանումով:
Աստվածահայտնության տոնախմբական շրջանը տևում է ութ օր՝ կոչվելով Ս. Ծննդյան ութօրեք, և եզրափակվում է
Անվանակոչության տոնով: