Ս. ՊԻՈՆ ՔԱՀԱՆԱ (+250)
id540Պիոն
քահանան Փոքր Ասիայի Զմյուռնիա քաղաքի
Եկեղեցու երեցներից էր: Նա
Սուրբ Հոգով լցված և
Սուրբ Գրքի իմացությամբ զինված հոգևորական էր: Շատերին
հեթանոսությունից և հրեությունից
դարձի էր բերում և իր օրինակով
բարեպաշտության առիթ լինում բոլորի համար:
Դեկիոս կայսեր (249-251) սանձազերծած հալածանքների ժամանակ ս. Պիոնը զորավիգ էր լինում շատ
քրիստոնյաների՝ հաղթահարելու վերջին
փորձությունը և համբերությամբ ընդունելու մարտիրոսության պսակը: Իսկ երբ եկավ վկայության իր ժամանակը, ոչ միայն անվեհեր ու անվարան հրաժարվեց կուռքերին զոհեր մատուցել, այլև, հոգալով բոլոր ներկաների մասին, սկսեց
քարոզել այնպիսի
իմաստուն վկայություններով, որ ամբոխը պապանձվեց, իսկ իշխանները ստիպված եղան բռնությամբ ընդհատել նրա խոսքը և բանտարկել՝ հուսալով զանազան խոշտանգումերի միջոցով ի վերջո կոտրել նրա
հավատը: Սուրբ նահատակը, ենթարկվելով սոսկալի խոշտանգումների, տոկաց մինչև վերջ՝ դույզն-իսկ չզիջելով ո՛չ դահիճների, ո՛չ էլ իրեն անկեղծ
սիրուց ուրանալ հորդարող հեթանոսների թախանձանքներին՝ ուրախությամբ ընդառաջ գնալով խարույկի վրա ողջ-ողջ այրվելու վերջին դատավճռին: Երբ սուրբ
մարտիրոսին այրող կրակը մարեց, բոլոր ներկաները տեսան նրա սքանչելի
տեսիլքը, որ կարծես ելնում էր մրցարանից՝ հաղթանակած, լուսապայծառ և զվարթերես: